Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 8-10-ը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Բանկային կառավարման դպրոցի համագործակցության շրջանակում իրականացվել է եռօրյա սեմինար-դասընթաց, որի նպատակն էր մասնակիցներին փոխանցել արդյունավետ հաղորդակցման հմտություններ, սովորեցնել կառավարել սթրեսը և թե ինչպես դառնալ լավագույն թեկնածուն գործատուների համար:
Այսօր՝ սեմինար-դասընթացի ամփոփման ժամանակ, այն ուսանողները, ովքեր 3 օրերին մասնակցել են դասընթացին, ակտիվություն են ցուցաբերել և վերջում հաջողությամբ հանձնել են առաջադրված թեստը, Բանկային կառավարման դպրոցի տնօրեն և դասընթացի բանախոս Վարդուհի Հարությունյանի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանի կողմից ստացան հավաստագրեր:
Բացի այդ՝ ինչպես դասընթացի առաջին օրը խոստացել էր Վարդուհի Հարությունյանը, առաջադրված թեստը հաջողությամբ հաղթահարած և ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողները ստացան HR միջազգային սեմինարին մասնակցության վճարի 100%, 50% և 25% զեղչի կտրոններ:
Համաձայն արդյունքների՝ թեստի 93% արդյունքով 25% զեղչի կտրոնին արժանացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Մարիամ Առուստամյանը, թեստի 95% գրանցած արդյունքներով 50% զեղչի կտրոն ստացան Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Վարդուհի Մկրտչյանը և Լիդա Սարգսյանը, իսկ 98% արդյունքով միջազգային սեմինարին ավճար մասնակցության հնարավորություն ստացավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարինե Երեմյանը: