07.09.2017 | 
Քաղաքականություն
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ընդունեց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը:

Ռեկտորը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, ուսումնագիտական գործընթացն ու միջազգային համագործակցությունը՝ մատնանշելով արևելյան երկրների և մասնավորապես չինական կրթական հաստատությունների հետ արդյունավետ փոխգործակցության ոլորտներն ու զարգացման միտումները:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

«Պետք է ասել, որ Մայր բուհը Չինաստանի մի շարք բուհերի հետ բավականին ակտիվ է համագործակցում, սակայն մենք պատրաստակամ ենք այդ համագործակցությունն ընդլայնել և նոր գործընկերներ ձեռք բերել»,- նշեց Արամ Սիմոնյանը:

 

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սոն Լին շնորհակալություն հայտնեց ընդունելության և հարուստ տեղեկատվության համար ու ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանն իր գիտական ներուժով հայտնի է ոչ միայն տարածաշրջանում, այլև Չինաստանում:

 

«Չնայած մեր ակադեմիան շատ ավելի երիտասարդ կառույց է, քան հարյուրամյա պատմություն ունեցող Մայր բուհը, սակայն բավականին մեծ է, լուրջ ներուժ ունի և իր մեջ մի քանի տասնյակ ինստիտուտներ է ներառում»,- ներկայացրեց հյուրը և հավելեց, որ պատրաստ են քննարկելու ԵՊՀ-ի հետ փոխգործակցություն սկսելու բոլոր ուղիները:

 

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի «Մեկ գոտի և մեկ ուղի» հետազոտական կենտրոնի գլխավոր քարտուղար Վան Սյաոցյունն էլ ԵՊՀ ռեկտորին հանձնեց կրթօջախների միջև փոխգործակցություն սկսելու հուշագրի օրինակը և ակադեմիայի նախագահի պաշտոնական նամակը:  

 

Արամ Սիմոնյանը խոստացավ հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրել այն ու պատասխանել չինացի գործընկերներին:

Այլ նորություններ
ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես բոլոր ֆակուլտետներում տեղի են ունեցել գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստեր, որոնց ընթացքում դեկանները հանդես են եկել հաշվետվությունների ներկայացմամբ:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների այցելությունները մարզային դպրոցներ: