25.04.2015 | 
Քաղաքականություն
ԵՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ն կընդլայնի իր համագործակցությունը գերմանական համալսարանների հետ:

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական միության անդամ Ալբերտ Վայլերին:


Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ռուբեն Մարկոսյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը:

Արամ Սիմոնյանը նախ ողջունեց հյուրին և ներկայացրեց ԵՊՀ պատմության որոշ դրվագներ, անդրադարձավ նաև ուսումնագիտական գործունեությանը, միջազգային համագործակցությանը և ընդհանրապես բուհի առաքելությանն ու հետագա ծրագրերին:

ԵՊՀ ռեկտորը խոսեց գերմանական բուհերի և միջազգային կրթական ծրագրերի հետ բուհի ծավալած գործունեության մասին՝ մատնանշելով «DAAD» կրթական ծրագրերի շրջանակներում իրականացրած նախագծերը, ինչպես նաև Ռոստոկի, Հալեյի և մի շարք այլ գերմանական հեղինակավոր բուհերի հետ համագործակցությունը:

Ալբերտ Վայլերը նշեց, որ իր համար մեծ պատիվ էր գտնվել Հայաստանում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գլոբալ ֆորումում հանդես գալ զեկուցումով՝ Գերմանիայի անունից բարձրացնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորագույն հարցը:

Հյուրը հավելեց, որ մինչ Հայաստան այցելելը հանդիպել է Ենայի համալսարանի ռեկտորի հետ, քննարկել հայկական բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի հետ համագործակցության հեռանկարները:

Արամ Սիմոնյանը պատրաստակամություն հայտնեց ամրապնդել համագործակցությունը գերմանական բուհերի, մասնավորապես Ենայի համալսարանի հետ. «Մեզ համար առանձնակի կարևորություն ունի համագործակցությունը հենց Ենայի համալսարանի հետ, քանի որ Մայր բուհի հիմնադիրներից մի քանիսը կրթություն են ստացել հենց այդ կրթօջախում»:

Կողմերը խոսեցին նաև ամբողջ աշխարհում քրիստոնեական արժեքների պահպանման և դրանք եկող սերունդներին փոխանցելու բարձր առաքելության մասին՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել քրիստոնյա աշխարհի համամարդկային արժեքների պահպանման և տարածման գործում:

Բունդեսթագի պատգամավորն անդրադարձավ նաև ԼՂ հակամարտությանը՝ ընդգծելով, որ հարկ է համարում ԼՂ հիմնախնդրի մասին խոսել գերմանական հասարակաության լայն շրջանակներում:

 

«Անցյալ տարի ես այցելել եմ Ղարաբաղ և առաջիկայում պլանավորում եմ ևս մեկ անգամ այցելել, ծանոթանալ խնդիրներին և դրանք բարձրաձայնել Գերմանիայում: Ներկայումս Ենայի համալսարնը հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներով, և վստահ եմ, որ հետագայում մեր ուսանողների մի մասը իրենց ուսումնասիրությունները կնվիրեն հենց Ղարաբաղի հիմնահարցերին»,- նշեց Ալբերտ Վայլերը:

Հանդիպման վերջում կողմերը փոխանակվեցին հուշանվերներով և գրքերով, որից հետո Ալբերտ Վայլերը շրջեց ԵՊՀ երախտիքի ծառուղով:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 34 կողմ ձայնով ֆակուլտետի դեկան է վերընտրվել ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Սահակյանը:
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում միաձայն ֆակուլտետի դեկան է վերընտրվել Նաղաշ Մարտիրոսյանը: