03.10.2016 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ
ԵՊՀ-Ն ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ
Այսօր ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում Մայր բուհի և Ուրուգվայի համալսարանի միջև համագործակցության պայմանագիր կնքվեց:

Արամ Սիմոնյանի հյուրը Ուրուգվայի համալսարանի ռեկտոր, հայազգի պրոֆեսոր Ռոբերտո Մարկարյանն էր, ով ԵՊՀ էր այցելել կնոջ`Աննա Մարիա Ֆերարիի  հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Արարատ Մալխասյանը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց ԵՊՀ հիմնադրման պատմությունը, անդրադարձավ գիտակրթական գործունեությանը, միջազգային համագործակցությանը, ինչպես նաև զարգացման հեռանկարներին:

 

Ռոբերտո Մարկարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ վերջերս հայ-ուրուգվայական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ինչի արդյունքում ծրագրվում է Ուրուգվայի պետական համալսարանում բացել հայագիտական ամբիոն: 

 

Հյուրը ներկայացրեց նաև Ուրուգվայի պետական համալսարանի կառավարման համակարգը` նշելով, որ ռեկտորի պաշտոնը, որը պետության 20 կարևորագույն պաշտոնների շարքում է, ընտրվում է համալսարանի աշխատակիցների, ուսանողների և շրջանավարտների ներկայացուցիչների կողմից: Թեպետ համալսարանի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից, այնուամենայնիվ այն կառավարությունից միանգամայն անկախ է:

 

Պրոֆեսորը շեշտեց նաև, որ շատ տպավորված է Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից և ցանկություն է հայտնել դրանք կիրառել նաև Ուրուգվայում:

 

Հանդիպման ավարտին բուհերի միջև համագործակցության պայմանագիր ստորագրվեց: Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը չի մնա լոկ թղթի վրա, և բուհերի միջև ակտիվ փոխգործակցություն կծավալվի:

 

Հավելենք, որ Ռոբերտո Մարկարյանը հանդիպել է նաև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հայաստան կատարած այցի շրջանակներում պրոֆեսորը կայցելի նաև Հայաստանի շախմատի ակադեմիա, Մատենադարան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդիին: