07.06.2019 | 
Քաղաքականություն
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՈՒԴԻՆԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՈՒԴԻՆԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե դե Տոնիի ղեկավարած պատվիրակության հետ, որի ժամանակ քննարկվել են երկու համալսարանների միջև համագործակցություն հաստատելու ուղղություններն ու շրջանակները:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանը, Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահագն Միքայելյանը:

Ուդինեի համալսարանի պատվիրակության կազմում ընդգրկված էին միջազգային համագործակցության հարցերով զբաղվող մասնագետները և հայազգի պրոֆեսոր Դիկրան Դիկրանյանը:

 

Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, նրանց ներկայացրեց ԵՊՀ-ի պատմությունը, ներկայիս գործունեությունը: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց նաև ֆակուլտետների և համալսարանում գործող ինստիտուտների մասին:

Ալեքսանդր Մարգարովն Ուդինեի համալսարանի ղեկավարությանը պատմեց ԵՊՀ-ի համագործակցության ուղղությունների մասին, ներկայացրեց միջազգային գործընկերներին և փաստեց, որ միջազգային վարկանիշավորման տարբեր աղյուսակներում ԵՊՀ-ն լավ դիրքեր է զբաղեցնում:

 

Ալեքսանդր Մարգարովը փաստեց, որ ԵՊՀ-ն իր գործընկերների հետ փորձում է համագործակցություն հաստատել կոնկրետ ուղղություններով՝ այդպիսով առավել արդյունավետ դարձնելով աշխատանքները: Միջազգային համագործակցության վարչության պետն ասաց, որ համալսարանի համար ռազմավարական է գործընկեր բուհերի հետ կրկնակի դիպլոմավորում ապահովելը:

Ուդինեի համալսարանի ներկայացուցիչները պատմեցին բուհի գործունեության մասին՝ փաստելով, որ այն ակտիվորեն իրականացնում է ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական աշխատողների փոխանակման ծրագրեր Եվրամիության, Ավստրալիայի և Կանադայի բուհերի հետ, իսկ այժմ էլ սերտ համագործակցում է Արևելյան Եվրոպայի և ԵՄ ոչ անդամ երկրների համալսարանների հետ:

Նրանց հավաստմամբ, համալսարանը մասնակցում է ազգային և միջազգային բազմաթիվ հետազոտական ծրագրերի: Ուդինեի համալսարանի ուսանողների ներկայիս թիվը մոտ 17 հազար է:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հատկապես մաթեմատիկայի ոլորտում համագործակցությունը խորացնելու և հետագայում այն ընդլայնելու հնարավորությունները:

Գեղամ Գևորգյանը Ուդինեի համալսարանի պատվիրակությանը հրավիրեց՝ մասնակցելու սեպտեմբերին ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԵԼ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ հայտնելով իր դիրքորոշումը՝ կապված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից կենտրոնի լուծարման վերաբերյալ քննարկումների հետ: