Խորհրդատվական մարմնի նպատակն է սահմանել ու համակարգել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների կուրսերի ավագների գործունեությունը, իրավունքներն ու պարտականությունները՝ ամրապնդելով ավագ-կուրս, ավագ-կուրսղեկ, ավագ-դեկանատ կապերը:
Հատկանշական է, որ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը դեռ 2016 թվականից տարբեր ձևաչափերի ծրագրերի շրջանակում աշխատել է ԵՊՀ ֆակուլտետների կուրսերի ավագների հետ: Մեզ հետ զրույցում կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը նշեց, որ բոլոր կուրսերի ավագներից ձևավորված խորհրդատվական մարմինն այսուհետ կշարունակի իր գործունեությունն ինստիտուցիոնալ հիմքերով:
«Կարծում եմ՝ խորհրդատվական մարմնի գործունեության արդյունավետությունը կբարձրանա՝ ստանալով ֆակուլտետների ղեկավարության մշտական աջակցությունը։ Լիահույս եմ, որ այս կառույցում կազմակերպվող միջոցառումները կոգեշնչեն ավագներին՝ նպաստելով մի շարք խնդիրների լուծմանը և դյուրին դարձնելով աշխատանքը»,- ընդգծեց Է. Գալստյանը։
Խորհրդատվական մարմնի համակարգող Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այն հնարավորություն է ընձեռում նաև բարձրաձայնելու ֆակուլտետում առկա խնդիրները, գտնելու լուծումներ, ինչպես նաև հանդես գալու առաջարկներով:
«Խորհրդատվական մարմնում ներգրավված են ֆակուլտետների բոլոր կուրսերի ավագները, իսկ համակարգող խմբում՝ 600-ից ավելի ուսանողների դեպքում՝ 2, ավելի քիչ ուսանողների դեպքում՝ 1 ներկայացուցիչ: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի համակարգող խմբի ներկայացուցիչն ընտրվում է ֆակուլտետում (նախորդ տարի ընտրում էր խորհուրդը՝ ներկայացրած հայտադիմումների հիման վրա)»,- ասաց Հ․ Հովհաննիսյանը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ավագ Գոհար Ժամակոչյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ավագների խորհրդի կարևոր նշանակությանը՝ ընդգծելով կառույցի դերն ավագների գործունեության ինքնակազմակերպման գործում: Գոհարի խոսքով՝ նախկինում բարձր կուրսերի ավագներն էին ներկայացնում առաջինկուրսեցիների հիմնական գործառույթները, ինչը, իմ կարծիքով, այդքան էլ արդյունավետ չէր: Ավագների խորհուրդը հիանալի հնարավորություն է կուրսերում ծագած խնդիրներին արագ լուծում տալու տեսանկյունից:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 2-րդ կուրսի ավագ Նարինե Պողոսյանը ևս փաստեց, որ ավագների խորհրդի շրջանակում ստացած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս իրականացնելու առավել համակարգված գործունեություն: Նարինեի պնդմամբ՝ ավագների խորհրդի շրջանակում բարձրաձայնվել են այնպիսի խնդիրներ, որոնք ստացել են համապարփակ լուծումներ: