24.05.2018 | 
Կրթություն
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք:

Այսօր Հովհ. Ադամյան սրահում տեղի ունեցավ «CV կազմելու և մոտիվացիոն նամակ գրելու հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացը, որը վարում էր կենտրոնի աշխատակից Արմինե Հաջաթյանը:

 

Դասընթացը վերաբերում էր ճիշտ և մրցունակ CV կազմելու գաղտնիքներին: Դասընթացավարը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց CV-ի կառուցվածքը, խոսեց նաև CV-ում հաճախ հանդիպող անթույլատրելի սխալների և այն  հիմնական կետերի մասին, որոնց ուշադրություն է դարձնում գործատուն CV-ին դիտարկելիս:

 

Մասնակիցները քննարկումներից և կարծիքների փոխանակումից զատ՝ դասընթացի ավարտին կատարեցին նաև գործնական աշխատանք, որի շրջանակում ուսանողները քննարկում ու մատնանշում էին արդեն իսկ ներկայացված CV-ների բացթողումներն ու սխալները:

 

Հավելենք, որ մայիսի 22-ին անցկացվել է «Հարցազրույցին ճիշտ ներկայանալու և ինքնադրսևորվելու հմտություններ» խորագրով սեմինար-դասընթաց, որի բանախոսը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էր:

 

Դասընթացի շրջանակում Լ. Հակոբյանն անդրադարձավ թեկնածուների կողմից հարցազրույցին ճիշտ նախապատրաստվելու փուլին՝ կարևորելով թեկնածուների իրազեկվածությունը կազմակերպության և դրա գործունեության վերաբերյալ:

 

Սեմինարավարը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց հարցազրույցների ընթացքում հաճախ տրվող հիմնական բարդ հարցերը, քանի որ դրանք կարող են ծանրակշիռ դեր ունենալ հարցազրույցի ընթացքում:

 

Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց նաև հարցազրույցին ներկայանալու համապատասխան հագուստին: 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ
2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ
Երևանի պետական համալսարանում «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրման առաջին քայլերն արվել են ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի կողմից դեռևս 2008 թվականին: Առաջին առցանց դասընթացները կենտրոնի աշխատակիցների կողմից հարթակում տեղադրվել են դեռևս 2009-2010 թվականներին: