02.06.2021 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵԼ Է «CREATION AND LAW» ԾՐԱԳԻՐԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵԼ Է «CREATION AND LAW» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից իրականացված «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները) ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն նախաձեռնել և իրականացրել է նոր ձևաչափ ունեցող «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները) ծրագիրը, որի շրջանակում ուսանողները մասնակցել են դասընթացների, ապա  ներկայացրել օրենսդրական փոփոխությունների բանավոր առաջարկներ, հաղթահարել հարցազրույցների փուլը, երկօրյա արտագնա կոնֆերանսի ընթացքում ուսումնասիրել իրավական ակտերի կազմման տեխնիկական լուծումները և մշակել իրենց իսկ կողմից առաջարկված իրավական ակտերի նախագծերը։

 

 

Ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությանն այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանը փաստեց, որ այս ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան սովորելու, թե ինչպես է կազմվում իրավական նախագիծը, ստանալու գործնական հմտություններ և արդյունքում կարողացան ստեղծել իրավական ակտերի 6 նախագիծ, որոնք առաջիկայում հեղինակները՝ որպես պատգամավորներ, կներկայացնեն կազմակերպվող ԱԺ նիստի ընթացքում:

 

 

ՈՒԽ նախագահն ասաց, որ ծրագրի կայացումը մասնակիցների, ֆակուլտետի ղեկավարության, ինչպես նաև բանախոսների և դասընթացավարների ակտիվ աջակցության շնորհիվ է տեղի ունեցել:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ միջոցառումն իսկապես ինքնատիպ էր և անհրաժեշտ, քանի որ այսօրվա մարտահրավերներն էլ հուշում են, որ պետք է դեռ ուսանողական նստարանից սովորել իրավական ակտերի նախագծերի պատրաստում. «Պարտադիր չէ աշխատել ԱԺ-ում կամ ԱՆ-ում, բայց եթե իրավաբանը ցանկանում է հասկանալ իրավական ակտի էությունը, բովանդակությունը, պետք է կարողանա ընկալել նախաձեռնությունը»:

 

 

Գագիկ Ղազինյանի վստահեցմամբ, այսպիսի միջոցառումները նպաստում են ֆակուլտետի ընդհանուր նպատակի իրականացմանը. այն է՝ պատրաստել մտածող, վերլուծելու կարողություն ունեցող, բազմակողմանի զարգացած, իրենց գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն ունեցող իրավաբաններ:

 

Այսօր հավաստագրերով պարգևատրվեցին «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները)ծրագրի մասնակիցները, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքներում ակտիվ գործունեություն ցուցաբերած ուսանողները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԵԶՆԻՑ, ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ ՈՒ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ». ԽԶՎԱԾ ՁԱՅՆՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր համալսարանականների հյուրն էր Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, ՀՀ ԶՈՒ սպա, ավագ լեյտենանտ Մնացական Ավետիսյանը:
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Արամ Անանյանն այսօր ստորագրել են երկու կառույցների փոխըմբռնման հուշագիր՝ իրականացնելու ռազմավարական գործընկերություն և երկարաժամկետ համագործակցություն: