22.09.2019 | 
Հասարակություն
ՀԵԾԱՆՎԱԱՐՇԱՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ՀԵԾԱՆՎԱԱՐՇԱՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ 6-րդ մասնաշենքում այսօր մեկնարկեց հեծանվաարշավ-ֆլեշմոբ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից կազմակերպված հեծանվաարշավին մասնակցում էին ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, այլև ԵՊՀ պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանը և Ռաֆայել Բարխուդարյանը:

 

Հեծանվաարշավի մտահղացման և նպատակի մասին խոսեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

 

«Հեծանվաարշավն ուսանողների մտահղացման արդյունքում կազմակերպվեց. նպատակը մեր քաղաքացիներին, ինչու չէ, նաև օտարերկրացիներին տեղեկացնելը և իրազեկելն է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների մասին»,- նշեց ՈՒԽ նախագահը:

 

Պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանը և Ռաֆայել Բարխուդարյանը ևս կարևորեցին այս միջոցառման դերը:

 

«Սեպտեմբերի 22-ի հեծանվաարշավով մեկնարկում է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Հանգստյան օրը մարդիկ քաղաքով շրջելիս կտեղեկանան այդ մասին և ինչու ոչ, կիրազեկեն մյուսներին»,- նշեց Ա. Իսրայելյանը:

 

Հեծանվաարշավին միացել էր նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

 

Վերջինս միջոցառման մասին մեկ օր առաջ էր իմացել:

 

«Ես մշտապես մասնակցում եմ նմանատիպ միջոցառումների և իմանալով, որ այն նվիրված է ԵՊՀ 100-ամյակին՝ որպես փորձառու հեծանվորդ՝ միացա ուսանողներին»,- նշեց Օ. Քամալյանը:

 

Հեծանվաարշավի կազմակերպման և հեծանիվների տրամադրման գործում Դ. Ափոյանը կարևորեց նաև «Երևան Ռայդ» կազմակերպության դերը. «Այդ կազմակերպության շնորհիվ մենք հեծանիվները ձեռք բերեցինք բավականին մատչելի գնով: Յուրաքանչյուր մասնակից գրանցվում և վերցնում է հեծանիվը»: 

Նշենք, որ հեծանվաարշավի ողջ ընթացքը կանոնակարգեցին ՀՀ ոստիկանության խմբերը, որոնց հետևում  էր նաև  Շտապ օգնության ծառայությունը:

 

Հեծանվաարշավի մասնակիցները շրջեցին Աբովյան, Վազգեն Սարգսյան, Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Սայաթ-Նովա, Ալեք Մանուկյան փողոցներով, իսկ վերջնական կայանատեղին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակն էր, որտեղ հեծանիվներով պատկերվեց միջոցառման խորհուրդը՝ 100-ամյա ԵՊՀ-ն: 



Տեղեկացնենք, որ վաղը ԵՊՀ ՈՒԽ ուսանողները կազմակերպելու են ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված ֆլեշմոբ՝ հանդես գալով ազգագրական պարերով:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՀՆԴԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Կիշան դան Դեվալին, որի հետ քննարկել է համագործակցության ոլորտները և ուղիները:
ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որի հետ քննարկել է ԵՊՀ-ում հունարենի ուսուցման արդյունավետությանն ուղղված աշխատանքներ: