27.06.2007 | 
Հասարակություն
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ Է
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ Է
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը հունիսի 27-ին ԵՊՀ հյուրն էր:

Երկու ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի, անցել գրեթե նույն ճանապարհը, ունեցել պատմական ողբերգական էջեր, բայց հարուստ մշակույթ ու գոյատեւելու ուժ: 1915-18 թթ. հայաթափվեց Արեւմտյան Հայաստանը, միեւնույն ժամանակ ցեղասպանություն կատարվեց Պոնտոսի հույների նկատմամբ: 

«Եղեռնական օրերին մենք կողք կողքի էինք կանգնած: Հարյուր հազարավոր հայեր ապաստան գտան Հունաստանում, որն այդ ժամանակ ապրում էր սովի, համաճարակի եւ թշվառության ծանր օրեր: Մենք նույն բարեկամական ձեռքն զգացինք նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին եւ Երրորդ Հանրապետության հենց առաջին օրերից»,- ողջույնի խոսքում նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: 

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը կարեւորեց իր այցելությունը Հայաստանի Մայր բուհ: «Հունարեն լեզվի դասավանդումը եւ հունական գրականության լայնածավալ ուսումնասիրությունը Հունաստանի հանդեպ Հայաստանի հետաքրքրվածության մասին է խոսում: Սա փոխադարձ է»,- նշեց նախագահը: Իր խոսքերով`անձամբ ինքը երկարամյա հայ մշակույթի երկրպագուն է: 

Համալսարանականներին ներկայացվող իր զեկույցում Հունաստանի նախագահը հիմնականում անդրադարձավ Եվրամիության եւ 3 ծովերի` Միջերկրական, Սեւ եւ Կասպից, տարածաշրջանի սերտ համագործակցությանը: «Եվրամիությունը պետք է գիտակցի, որ Կովկասը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է, խաչմերուկ` Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»,- ասաց Կարոլոս Պապուլիասը: 

Ըստ նրա` Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն արդեն իրողություն են: Եվրոպական երկրների հայկական համայնքները բավական աշխույժ դիրքեր են գրավել, իսկ սփյուռքահայերը, ինչպես Արշիլ Գորկին եւ Շառլ Ազնավուրը, իրենց գործունեությամբ պատիվ են բերում Հայաստանին եւ ամբողջ աշխարհին: 

«Կարծում եմ` այդ հարաբերությունները համակարգված բնույթ պետք է ստանան` տնտեսական համագործակցություն, տեխնիկական հմտությունների փոխանցում, քաղաքական կենդանի երկխոսություն: Այս բոլորը պետք է ներդրվի Կովկասի տարածաշրջանի եւ Եվրամիության մերձեցման ռազմավարական շրջանակներում,- նշեց հյուրը:- Պետք է ապացուցել, որ գլոբալիզացվող աշխարհում գերտերությունների մրցակցությունը տնտեսապես անարդյունավետ է, պետք է համագործակցել»: 

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում, ԵՊՀ Ոսկե մեդալ, նաեւ` հայկական հուշարձանների պատկերազարդ ալբոմ:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: