04.04.2007 | 
Հասարակություն
ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ, ՄԵԾ ԳՈՐԾԵՐ
ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ, ՄԵԾ ԳՈՐԾԵՐ
Լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 4-ին հյուրընկալվել էր Երեւանի պետական համալսարանում:

«Բարձրագույն կրթության համակարգը կարող է եւ պետք է արդյունավետ համագործակցության օրինակ ծառայի: Այսօր առավել, քան երբեւէ հասունացել է միասնական կրթական տարածության վերստեղծման հարցը: Մեր բուհը ակտիվորեն համագործակցում է ռուսաստանյան առաջատար բուհերի եւ գիտահետազոտական կենտրոնների հետ»,- իր ողջույնի խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Անդրադառնալով այս 15 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին` Սերգեյ Լավրովը նկատեց, որ քաղաքական ոլորտում երկու երկրները տարաձայնություններ չունեն, եւ ակտիվորեն զարգանում է քաղաքական կայուն երկխոսություն: Նա ընդգծեց այն փաստը, որ միայն վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպել են ութ անգամ:

«Երկու երկրների բարեկամությունը, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունը միայն այս 15 տարիներով չի չափվում: Հենց այս հիմքի վրա էլ ձեւավորվել է մեր պետությունների միջեւ հասուն գործընկերություն եւ ամուր կապ, ինչը տարածաշրջանի կայունության համար կարեւորագույն գործոն է»,- նշեց դիվանագետը:

Ռուսաստանը այս տարիների ընթացքում պահպանել է Հայաստանի` ռազմական եւ առեւտրային ոլորտում հիմնական գործընկերոջ դերը, նաեւ դարձել է որպես խոշորագույն ներդնող հայաստանյան տնտեսության մեջ: Հյուրն ավելացրեց, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում ստեղծվել է ռուս-հայկական ռազմական խմբավորում, նյութական եւ տեխնիկական առումով ուժեղացել է Ռուսաստանի ռազմական բազան Հայաստանում:

«Հայաստանի տրանսպորտային շրջափակման մեղմելու ուղղությամբ նշանակալի աշխատանքներ են կատարվել, Հայաստանը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի մասնակից է դարձել»,- ասաց Սերգեյ Լավրովը:

Անդրադառնալով Հայաստանի նախընտրական իրադրությանը` դիվանագետը հույս հայտնեց, որ ռուս-հայկական հարաբերությունները շահարկող քաղաքական ուժերը 
ավելի պատասխանատու մոտեցում կցուցաբերեն:

Հանդիպման ավարտին ԵՊՀ դասախոսները եւ ուսանողները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղելու հյուրին: Հարցերն անպատասխան չմնացին, որից հետո պարոն Լավրովը գրքերի հավաքածու նվիրեց ԵՊՀ գրադարանին: Մայր բուհն էլ, իր հերթին, Սերգեյ Լավրովին պարգեւատրեց համալսարանի Ոսկե մեդալով:

Այլ նորություններ
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ZOOM» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես պետք է պաշտպանել «Zoom»-ով իրականացվող դասերը ներխուժումներից: