27.10.2006 | 
Կրթություն
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԵՐԿՈՒ ՆՈՐ  ԿԱՌՈՒՅՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Եվրոպական իրավունքի ասպիրանտ-մասնագետները պատվոգրեր ստացան:

Երեւանի պետական համալսարանում միանգամից երկու նոր ամբիոն է բացվել` իրավագիտության ֆակուլտետում` «Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնը», եւ համահամալսարանական «Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը»:

«Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության շրջանակներն ընդլայնելու, եվրաինտեգրման գործընթացն ավելի արագ ու արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ եվրոպական իրավունքի ոլորտում»,- վստահ է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Այդ բացը լրացնելու համար ԵՊՀ-ն վերապատրաստման միջոցառումների մի ամբողջ համալիր է իրականացնում` սեմինարներ, գիտական քննարկումներ, ճանաչողական գործուղումներ եւ այլն:

Հայաստանում «Տասիս» ընկերության 2004-2005 թթ. գործունեության շրջանակներում նախատեսվել եւ Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվել է «Աջակցություն եվրոպական եւ միջազգային իրավունքի աբիոնի, եվրոպական իրավունքի ու ինտեգրման կենտրոնի հիմնադրմանը ԵՊՀ-ում եւ աջակցություն գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին» ծրագիրը: Այն սկսվել է 2006 թ-ի մարտին` երկու տարի տեւողությամբ:

Հոկտեմբերի 13-22-ը Ծաղկաձորում անցկացվեց առաջին սեմինարը ԵՊՀ-ի, Ռուս –հայկական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ասպիրանտների, դասախոսների, Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Արտաքին գործերի նախարարությունների, նաեւ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Տասն օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան եվրոպական իրավունքի հիմնական պահանջներին, տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով ամրապնդեցին իրենց գիտելիքները:

Հոկտեմբերի 27-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում վերապատրաստման ծրագրի բոլոր մասնակիցներին (22 հոգի) պատվոգրեր հանձնեցին ԵՊՀ պրոռեկտոր Սամվել Հարությունյանը, ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ծրագրի խմբի ղեկավար Յուրգեն Բինդերը: ԵՊՀ պրոռեկտոր Սամվել Հարությունյանն ասաց, որ համալսարանն այսօր լուրջ բարեփոխումների շրջան է ապրում. «Նման կառույցների ստեղծումը ԵՊՀ-ում ճիշտ ժամանակին է: Մենք, կրթության ոլորտում եւս ինտեգրվելով Եվրոպային, այս ծրագրից մեծ ակնկալիքներ ունենք»:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը:
ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵԼՈՒ Է ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Erasmus +» ծրագրի շրջանակում 2020 թվականի փետրվարից մեկնարկել է «Armdoct» եռամյա նախագիծը, որն ուղղված է Հայաստանում կրթական երրորդ աստիճանի բարեփոխմանը: