11.12.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ «ԱՊԱՌԱԺ» ԱԿՈՒՄԲԸ ՆՇԵԼ Է ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
 ԵՊՀ «ԱՊԱՌԱԺ» ԱԿՈՒՄԲԸ ՆՇԵԼ Է ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Ամեն տարի՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Լեռների միջազգային օրը, որն այս տարի կրում է «Լեռները կարևոր են երիտասարդության համար» կարգախոսը: ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի կողմից այսօր կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված տոնական օրվան:

Լեռների միջազգային օրը հաստատվել է 2003 թվականի հունվարին՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանի որոշմամբ: Այսօր միջազգային հանրության շրջանում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադառնում են մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրներին և  բնակչությանն օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի ղեկավար և մարզիչ Սուրեն Սեփանյանն ասաց, որ 2015 թ. ի վեր ԵՊՀ-ում մշտապես նշվել է միջազգային օրը. «Լինելով լեռնագնացների ակումբ և պարտավորվելով ընտրված կարգախոսից՝ մենք որոշեցինք ավելի շքեղ միջոցառում իրականացնել այս տարի»:

 

Սուրեն Սեփանյանի խոսքով, ակումբի անդամներն իրենց համարում են լեռների ներկայացուցիչներ և կարծում, որ երիտասարդները վաղվա օրվա առաջնորդներն են և  լեռների ու բնական ռեսուրսների պահապանները:

 

 

Կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ Վլադիմիր Ավագիմյանցը, ամբիոնի պրոֆեսոր Հենրիկ Թումանյանը, ինչպես նաև ակումբի անդամները, ուսանողները փաստեցին, որ լեռները կարևոր դեր են խաղում մարդկանց կյանքում:

 

Միջոցառման ընթացքում ակումբի անդամները նշեցին, որ լեռների պահպանության համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության իրազեկման մակարդակը՝ կազմակերպելով համաժողովներ, գործնական միջոցառումներ, ուսանողական բանավեճեր, տարբեր մրցույթներ, արշավներ և սպորտային այլ միջոցառումներ:

 

Միջոցառման կազմակերպիչները ցուցադրեցին նաև տեսահոլովակ, որը պատմում է ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի գործունեության ու ձեռքբերումների մասին, որոնցից է Ջերմուկում ակումբի անվամբ ուղի ունենալը, տարբեր առաջնությունների կազմակերպումը, հեղինակավոր մրցաշարերին մասնակցելը, մրցանակների նվաճումը և այլն:

 

«Ակումբը հրաշալի գործունեություն է իրականացնում, որի արդյունքները պատիվ են բերում ոչ միայն ուսանողներին, այլև համալսարանին ու հանրապետությանը»,- ասաց Վլադիմիր Ավագիմյանցը: Հենրիկ Թումանյանն էլ ընդգծեց, որ ակումբի գործունեության ընթացքում ստեղծվել է կուռ կոլեկտիվ, որի անդամներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում միասին՝ ապահովելով ջերմ մթնոլորտ:

 

 

Պարոն Գեղամ Գևորգյանը, շնորհավորելով ակումբի մասնակիցներին, նրանց մաղթեց լեռների նման կանգուն լինել. «Լեռները խորհրդանշում են ազատություն: Երբ բարձրանում ես լեռներ ու բարձունքից նայում ներքև, հասկանում ես, թե ինչքան գեղեցիկ է աշխարհը և ներդաշնակ: Ես շնորհավորում եմ ձեզ այդ զգացողություններն ունենալու համար»:

 

Միջոցառման ավարտին ակումբի անդամները կատարեցին լեռնագնացների երգը, որից հետո Սուրեն Սեփանյանը ռեկտորին ներկայացրեց  ակումբի գույքը, ինչպես նաև ձեռքբերումները և նվաճումները:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար:
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։