04.10.2016 | 
Քաղաքականություն
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՓՈՐՁԸ
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՓՈՐՁԸ
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի պատվիրակությունը քառօրյա այցով մեկնել էր Նիդեռլանդներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ակադեմիական բարեվարքության խթանման փորձը ուսումնասիրելու նպատակով:

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համագործակցությամբ իրականացվող  «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը տեղի ունեցավ ճանաչողական այց Նիդեռլանդներ: Այցի ընթացքում պատվիրակության 12 անդամները՝ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի գլխավորությամբ, պետական և հանրային տարբեր կառույցներում ծանոթացան այդ երկրի բուհական համակարգի առանձնահատկություններին, կոռուպցիայի դեմ պայքարի ու ակադեմիական բարեվարքության խթանման աշխատանքներին:

 

Պատվիրակության անդամներն այցելեցին կրթության տեսչություն, որի գործունեության դաշտը ընդգրկում է կրթության ողջ համակարգը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպես նաև ազգային ուսանողական ասոցիացիա: Այցի ծրագիրը ներառում էր նաև այցելություններ համալսարաններ, մասնավորապես Տիլբուրգի համալսարան և Հաագայի կիրառական գիտությունների համալսարան, որտեղ տեղի ունեցան աշխատաժողովներ այդ համալսարանների կողմից ակադեմիական բարեվարքության փորձի և Հայաստանում դրա հնարավոր տեղայնացման խնդիրների վերաբերյալ:

 

Այցի վերջին օրը պատվիրակությունը հանդիպում ունեցավ Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունում (NVAO), որը, ի դեպ, ներգրավված է եղել Հայաստանում բուհերի և մասնավորապես ԵՊՀ-ի հավատագրման գործընթացում: Այցի արդյունքներն ամփոփվեցին Նիդեռլանդների կրթության նախարարությունում, որտեղ պատվիրակությանը ողջունեց նախարար Ջետ Բուսեմակերը: Ապա ծավալվեց բազմակողմանի քննարկում:

 

 

Նշենք, որ Նիդեռլանդների կրթության նախարարը մասնակցել էր 2015 թվականին Երևանում կայացած Բոլոնիայի գործընթացի հերթական համաժողովին, և հանդիպման ընթացքում շոշափվեցին ոչ միայն ակադեմիական բարեվարքության հետ կապված խնդիրներ, այլև Բոլոնիայի գործընթացին և երկու երկրների համագործակցությանը առնչվող հարցեր:

 

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի չորս առաջատար բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով այցի կարևոր արդյունք համարեց նաև գործընկերային կապերի հաստատումը, որի շրջանակներում հնարավոր է քննարկել համատեղ ծրագրերի իրականացումը մի շարք ուղղություններով (կոռուպցիայի հիմնախնդիրների գիտական ուսումնասիրություններ, կրթական ծրագրերի արդիականացում, ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացում և այլն):

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդիին: