19.12.2016 | 
Քաղաքականություն
ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄՈՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄՈՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մայր բուհի ղեկավարությունը հանդիպեց ՌԴ ազգային հետազոտական համալսարանի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի ներկայացուցիչներին:

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի փոխտնօրեն, դոցենտ Նատալյա Չիչերինային, Միջազգային համագործակցության վարչության պետ Կոնստանտին Պլատոնովին, Էկոնոմիկայի բաժնի դեկան Սերգեյ Սլոբոդյանին, Օտար լեզուների բաժնի ղեկավար Իրինա Շեմելյովային:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին, այնուհետև հակիրճ ներկայացրեց ԵՊՀ ստեղծման պատմությունը, զարգացման փույլերը, անդրադարձավ բուհի գիտակրթական և միջազգային համագործակցության գործընթացներին:

 

Հանդիպման հիմնական նպատակը պայմանագրի ստորագրումն էր, որը գործընկեր համալսարաններին այսուհետ հնարավորություն կտա իրականացնելու կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագիր ապագա տնտեսագետների համար:

 

«Մենք կարևորում ենք ռուսական բուհերի հետ համագործակցությունն ու համատեղ կրթական ծրագրերի իրականացումը»,- նշեց ԵՊՀ ռեկտորը և վստահություն հայտնեց, որ ծրագիրը կհաջողվի, և ցանկալի արդյունքներ կգրանցվեն:

 

Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի փոխտնօրեն Նատալյա Չիչերինան էլ իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ գործընկերների ընտրության հարցում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ղեկավարությունը խիստ դիրքորոշում ունի:

 

«Մեր բուհը կրկնակի դիպլոմով կրթական ծրագիր է իրականացնում միայն Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ, և այսօր ուրախ եմ, որ տարածաշրջանի և Հայաստանի առաջատար բուհի՝ Երևանի պետական համալսարանի հետ նույնպես նմանաբնույթ ծրագիր կիրականացվի»,- ասաց Նատալյա Չիչերինան:

 

Այնուհետև քննարկմանը միացան նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն ու ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 

Կողմերը քննարկեցին Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսների վերապատրաստմանն ու որակավորմանը, ինչպես նաև ակտուար մաթեմատիկայի ոլորտում համատեղ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

 

ՌԴ պատվիրակությունն այցի շրջանակում կհանդիպի նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և ղեկավարության հետ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդիին: