13.09.2019 | 
Հասարակություն
«ՉՆԱՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ Է, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԽԵԼԱՑԻ ԱԶԳ ԵՆ». ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
«ՉՆԱՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ Է, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԽԵԼԱՑԻ ԱԶԳ ԵՆ». ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս փոխվարչապետ Սապարբաև Բերդիմբեկի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում:

ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնը գործում է Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին կից: Այն հիմնադրվել է 2010 թվականին ԵՊՀ-ի և Աստանայի՝ Ն. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում:

 

Ղազախստանի փոխվարչապետ Սապարբաև Բերդիմբեկի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիմուր Ուրազաևը և Ղազախստանի կրթության նախարար Ասխատ Այմագամբետովը:

  

ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանն այսօր ներկա էին նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Ալեքսանդր Սաֆարյանը, ողջունելով հյուրերին, հպարտությամբ փաստեց, որ չնայած նմանատիպ կենտրոններն այսօր շատ են, սակայն ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնն առաջինն է ԱՊՀ տարածքում:

 

«Մենք վաղուց սերտորեն համագործակցում ենք Ն. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի գիտնականների, ինչպես նաև Ղազախստանի գիտական ինստիտուտների ներկայացուցիչների և գրողների հետ: Մեր համագործակցության հիմնական ուղղություններից մեկը հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրությունն է, որոնք ահռելի տեղեկատվություն են պարունակում լեզվի մասին»,- ասաց Ալեքսանդր Սաֆարյանը:

 

 

Նա նշեց, որ այսօր ձևավորվել է ուսանողների նոր խումբ, որը ցանկանում է ղազախերեն սովորել: Ա. Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց Ղազախստանի ղեկավարությանը, ինչպես նաև ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությանը՝ հանձին դեսպանի՝ մշտապես կենտրոնի աշխատանքներին աջակցելու և ղազախերենի ուսուցմանը նպաստելու համար:

 

«Բացի դրանից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր կարևորագույն նախագծերից մեկը կյանքի կոչելուն ուղղված աջակցության համար: Արդեն տասը տարի է, ինչ մենք պլանավորում ենք ստեղծել հայերենով ղազախական գրականության հիմնարար անթալոգիա: Ղազախական գրականության թարգմանության ակունքներում կանգնած են հայ դասականները՝ Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը և Գևորգ Էմինը, սակայն անցել է 50 տարի, և այն, ինչ ժամանակակից էր այն ժամանակ, այսօր դարձել է դասական: Մենք արդեն սկսել ենք տպագրության նախապատրաստական աշխատանքները, և շուտով առաջին անգամ հայ ընթերցողներին հայերենով հասանելի կլինեն ղազախական գրականության և գրականագիտության գանձերից շատերը»,- հավելեց ամբիոնի վարիչը:

 

Ալեքսանդր Սաֆարյանը, դիմելով Սապարբաև Բերդիմբեկին և Ն.Գ. պարոն Թիմուր Ուրազաևին, խնդրեց աջակցել հատուկ ստեղծագործական նոր խմբի կազմավորմանը, որն ուսումնասիրելու է հայ-ղփչաղյան գրական հուշարձանները: Նրա փոխանցմամբ, ուսումնասիրությանը մասնակցելու ցանկություն են հայտնել գիտնականներ տարբեր երկրներից, որոնց մասնակցությունը կարող է մեծ ներդրում ունենալ ղազախերենի և ղփչաղերենի նոր գաղտնիքների բացահայտման գործում: 

 

Ղազախստանի փոխվարչապետ Սապարբաև Բերդիմբեկը, դիմելով ուսանողներին, ասաց, որ օտար լեզուների և մշակույթների ուսումնասիրությունն այսօր շատ կարևոր է. «Ղազախստանում էլ շատերը սովորում են հայերեն և ուսումնասիրում ձեր մշակույթը: Մեր երկրում ապրում է շուրջ 300 հազար հայ, որոնք բոլոր շրջաններում ստեղծել են մշակութային կենտրոններ: Մեզ համար կարևոր է աջակցել նրանց՝ ստեղծելով պայմաններ, որ նրանք չմոռանան իրենց լեզուն և մշակույթը»:

 

 

Փոխվարչապետն ասաց, որ կընդունեն Ալեքսանդր Սաֆարյանի առաջարկը՝ ստեղծելու գիտական ուսումնասիրությամբ զբաղվող նոր խումբ:

 

Դիմելով ուսանողներին՝ Սապարբաև Բերդիմբեկը խորհուրդ տվեց լավ սովորել. «Ձեզ համար բոլոր պայմանները ստեղծված են: Չնայած Հայաստանը փոքր երկիր է, սակայն հայերը խելացի ազգ են, որի շնորհիվ էլ զարգանում է Հայաստանի Հանրապետությունը: Ձեր երկրի ապագան կախված է ձեզնից: Ինչպիսի կրթություն ստանաք, այդպիսինն էլ կլինի ձեր երկիրը: Հպարտացեք, որ հենց ՀՀ քաղաքացի եք, և ընդհանրապես յուրաքանչյուր մարդ պետք է հպարտանա իր քաղաքացիությամբ»:

 

Հանդիպման ավարտին Սապարբաև Բերդիմբեկը գրքեր նվիրեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին և ԵՊՀ մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
««ԱՍՏՂԱԹԱՓՆ» ԻՄ, ՔՈ, ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ՄԻ ՕՐ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԵՆ». ԱՄԱԼՅԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի ասպիրանտ, լեզվաբան, գրականագետ, գրող Ամալյա Սողոմոնյանի հետ զրուցել ենք ժամանակակից գրողների, առաջին գրքի և գրական գործունեության մասին:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել է իր նկատառումները ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) մասին: