20.03.2019 | 
Քաղաքականություն
«ԻՄԻՏԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ». ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
«ԻՄԻՏԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ». ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով, որն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում անցկացրեց առաջին նիստը:

ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահն Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն է: Հանձնաժողովի կազմում են  ներկայացուցիչներ ԵՊՀ գիտակրթական բոլոր ստորաբաժանումներից և Ուսանողական խորհրդից:

 

Հանձնաժողովի նիստի սկզբում անդամներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ այն բոլոր խնդիրները, որոնք իր առջև դնելու է հանձնաժողովը, պատվով կկատարի. «Մենք դժվար շրջան ենք թևակոխել. բարձրագույն կրթության առջև ծառացած խնդիրները շատացել են, դժվարացել: Մենք երկար մտորեցինք՝ այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված, ոչ միայն այն բանի համար, որ սա օրախնդիր պահանջ էր հասարակության կողմից, այլև նախևառաջ այն պատճառով, որ ինքներս ենք գտնում այս հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը: Մենք՝ ինքներս, լավ հասկանալով, որ համալսարանին մշտապես անհրաժեշտ են բարեփոխումներ, ցանկանում ենք նոր թափ հաղորդել, նոր շունչ տալ դրանց »,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

 

Արամ Սիմոնյանի հավաստմամբ, ԵՊՀ-ում բազում խնդիրներ կան, որոնք պետք է քննարկվեն. «Առաջարկությունները, որոնք ստացել և ստանալու եք ստորաբաժանումներից և ուսանողներից պետք է քննարկեք, և ես կցանկանայի, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքը պարբերաբար ներկայացվի Գիտական խորհրդին՝ քննարկման համար, որը հետո կարող է վերածվել գործողությունների պլանի»:

 

 

Արամ Սիմոնյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատանքներին չի միջամտելու, բայց  պատրաստակամություն հայտնեց ինչ-ինչ հարցերի վերաբերյալ խորհրդատվության համար հանձնաժողովի նիստերին հրավիրվելու դեպքում ներկա գտնվել:

 

Այնուհետև հանձնաժողովի նախագահ Վահե Հովհաննիսյանը, նախքան ճանապարհային քարտեզը ներկայացնելը, շեշտեց, որ հանձնաժողովն ամբողջությամբ պետք է ինքնուրույն լինի:

 

«Այդ ինքնուրույնության ձևավորման փուլում հնարավոր են նաև շահերի բախումներ, և ես ի սկզբանե ցանկանում եմ ասել, որ հնարավոր է՝ հանձնաժողովը կայացնի այնպիսի որոշումներ, որոնք հակասության մեջ կլինեն մեր ղեկավարների, մեր անձնական շահերի հետ: Այդ շահերի բախումից խուսափելու համար, եթե մենք չունենանք բավարար կամք, ավելի լավ կլինի՝ հենց այս պահին մեր անդամակցությունն այս հանձնաժողովին դադարեցնենք: Եթե մենք պատասխանատվություն ենք ստանձնում անցնելու այդ ճանապարհով, ապա այն պետք է անցնենք մինչև վերջ»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:

 

Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Դավիթ Թինոյանի այն հարցմանը, թե ինչ է նշանակում շահերի բախում, Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ հանձնաժողովը չպետք է առաջնորդվի զուտ անձնական կամ խմբային շահերի լոբբինգով. «Մեզ միավորում են միայն համալսարանական շահերը: Հնարավոր է՝ փորձ կատարվի քաղաքականացնելու մեր հանձնաժողովի գործունեությունը, մենք պետք է զերծ մնանք: Մեզ միավորում է ավելի լավ համալսարան ունենալու նպատակը, իմիտացիոն գործընթացներին մենք չենք մասնակցելու»:

 

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ պետք է գործունեության երեք հիմնական ուղիներ նախանշել. «Առաջին փուլը ենթադրում է առկա խնդիրների գույքագրում: Այսինքն՝ այն թերությունները և խնդիրները, որոնք վերաբերում են կրթական, գիտական, ադմինիստրատիվ գործունեությանը կամ ֆինանսատնտեսական ոլորտին, կառանձնացնենք նաև ուսանողներին առնչվող խնդիրները: Դրանք գույքագրելու ենք ոչ միայն ֆակուլտետներից, այլև այլ շահագրգիռ կառույցներից: Գրություններ կուղարկենք նրանց՝ սպասելով ԵՊՀ-ին առնչվող խնդիրների վերաբերյալ արձագանքներին»:

 

Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ, երկրորդ փուլում մշակվելու են կոնկրետ ծրագրեր. «Գործողությունների այնպիսի պլան, որոնց իրականացումը մեզ համար ցանկալի արդյունք կապահովի: Երրորդ և ամենակարևոր փուլը կադրային քաղաքականության մշակումն է լինելու: Ունենալու ենք հստակ չափանիշներ, որոնց բավարարման պարագայում կոնկրետ հնարավոր կլինի իրականացնել այդ ծրագիրը»:

 

 

Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանի այն հարցին, թե կադրային քաղաքականության հետ կապված՝ հանձնաժողովն իրավասո՞ւ է արդյոք ինչ-որ բան առաջարկել, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ հանձնաժողովը ոչ թե կոնկրետ անձանց թիրախավորելու համար է, այլ ծրագրեր առաջարկելու, չափանիշներ սահմանելու, և եթե կոնկրետ կադրեր չկարողանան ապահովել հանձնաժողովի նախանշած ծրագրերը,ապա խնդիր կդրվի փոխելու նրանց:

 

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ գործունեությունը պատշաճ կազմակերպելու համար տեղի են ունենալու նիստեր, որոնք կլինեն ինչպես իրադարձային, այնպես էլ կունենան պարբերական բնույթ:

 

Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ, շատ կողմեր և շատ մարմիններ կան, որոնք բարձրաձայնում են բարեփոխումների անհրաժեշտության մասին. «Հետևաբար մեզ համար շատ հետաքրքրական է նրանց տեսլականը, թե ինչ խնդիրներ են նկատում և դրանց լուծման ինչ ուղիներ են առաջարկում: Մենք կքննարկենք բոլոր առաջարկությունները, կֆիլտրենք, որովհետև դրանք կարող ենք լինել կրկնվող կամ  իրար հակասող, որից հետ կպատրաստենք ծրագիր»:

 

Հանձնաժողովի նախագահի պնդմամբ, ԵՊՀ-ի ներսում գործառույթների որոշակիացումը հանգեցնելու է նաև վարչական և ֆինանսատնտեսական գործունեության ոլորտի օպտիմալացմանը:

 

 

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահը փաստեց, որ համալսարանի ֆինանսավորումը ոչ համարժեք է. «Պետության մասնակցությունը բուհի կառավարմանը 50 տոկոս է, բայց բյուջեի ձևավորման դեպքում՝ 20-25 տոկոս: Ակնհայտ անհավասարաչափություն է, հետևաբար ամենառողջ առաջարկը, որ կարող ենք անել, համամասնությունը պահպանելն է՝ ոչ թե պնդելով նվազեցնել մասնակցության տոկոսը, այլ համարժեք դարձնել բյուջեի ձևավորումը»:

 

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նիստի ընթացքում ասաց, որ ինչն է խնդիր, ինչը՝ ոչ, յուրաքանչյուր ոք, ստորաբաժանում և ֆակուլտետ յուրովի է պատկերացնում, հետևապես պետք է սկզբնական փուլում այդ խնդիրների գույքագրման և լուծման համար անհրաժեշտ սխեմա առաջարկել, որ համատեղ աշխատանքը արդյունավետ լինի:

 

Նիստի ընթացքում մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, և որոշեցին մեկ շաբաթվա ընթացքում հավաքել ֆակուլտետային առաջնահերթ խնդիրներն ու դրանք ներկայացնել քննարկման:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հաստատման հուշագիր:
ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՆՐԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ-ում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթ, որի նպատակի, ինչպես նաև կազմակերպման և անցկացման կարգի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ: