12.11.2019 | 
Հասարակություն
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԿԱՆԽԵԼՈՒ ՋՐԻ ԿԱՆԱՉԵԼԸ». ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԿԱՆԽԵԼՈՒ ՋՐԻ ԿԱՆԱՉԵԼԸ». ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կայուն զարգացման կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ջրային ռեսուրսների կառավարման և Սևանա լճի արդի հիմնախնդիրները» թեմայով զեկուցում-քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին ինչպես ֆակուլտետի ամբիոնի վարիչներ, դասախոսներ, այնպես էլ փորձագետներ «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ից, ՀՀ ԱԺ-ից, ՀՀ ԳԱԱ-ից, ՀՊՄՀ-ից և այլն:

Ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մովսեսյանը, որից հետո ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հանդես եկավ ջրային ռեսուրսների կառավարման և Սևանա լճի արդի հիմնախնդիրներին նվիրված զեկուցմամբ:

Դեկանն անդրադարձավ ՀՀ-ում ջրային ռեսուրսների պահպանությանը և առկա հիմնախնդիրներին:

«Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի վերլուծությունը վկայում է, որ այսօր բացահայտ նկատելի են ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի տեխնոլոգիական և սանիտարական հուսալիության անկում, դրանց ֆունկցիոնալ հատկությունների կորուստ»,- նշեց Մ. Գրիգորյանը:

Վերջինիս համոզմամբ, անհրաժեշտ է մի շարք գործողություններ կատարել, որոնք հնարավորություն կտան մշակելու և ներդնելու ջրային ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագրեր:

 

Անդրադառնալով նմանօրինակ ծրագրերի մշակմանը և ներկայացմանը՝ դեկանը նախ խոսեց Սևանի լճի հիմնախնդիրների վերաբերյալ իր մոտեցման մասին:


Նրա կարծիքով, Սևանա լճի մակարդակի բարձրացումը միայն հնարավորություն կտա բարելավելու լճի «դիմադրողականությունը»:
 
«Սևանա լճի մակարդակի բարձրացումը մինչև 1916 մետր իրատեսական է և անհրաժեշտ: Ջրի մակարդակի բարձրացումը տեղի է ունենալու 15-20 տարիների ընթացքում, և բացի դրանից՝ ջրի ծավալի մեծացումը (34 մլրդ մ3 դարձնելով 58 մլրդ մ3) երկրի համար կունենա ռազմավարական, տնտեսական մեծ նշանակություն: Սևանա լճի մակարդակի բարձրացումը միայն հնարավորություն կտա կանխելու ջրի կանաչելը»,- նշեց Մարատ Գրիգորյանը:

 



Ի պատասխան՝ «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանն ասաց, որ երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ այս մոտեցումն իրատեսական չէ:

ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի գծով փորձագետ Աշոտ Հարությունյանը փաստեց, որ ՀՀ-ում նմանօրինակ խնդիրների պատճառը ոլորտային ոչ լիարժեք կառավարումն է, ուստի անհրաժեշտ է խնդիրները դասակարգել երկու խմբի՝ հրատապ և իրատեսական լուծում պահանջող ու ռազմավարական խնդիրներ:

«Սևանա լճի հիմնախնդիրը պայմանավորված է ոչ միայն լճի՝ տարեկան մակարդակի ցածրացմամբ, այլև ֆլորա-ֆաունայի կոպիտ խախտմամբ և համընդհանուր տաքացման հիմնախնդրով»,- փաստեց փորձագետը:

Անդրադառնալով Մ. Գրիգորյանի զեկուցման մեջ ջրօգտագործման վերաբերյալ արձանագրված թվային տվյալներին՝ ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ Ալեքսանդր Առաքելյանն էլ նշեց, որ հաճախ ոլորտում առկա խնդիրների պատճառը թվային ոչ ճշգրիտ տվյալների հրապարակումն է:

«Ոլորտներում առկա է մշտադիտարկման լուրջ խնդիր, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է  հետևել դրա հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերահսկողության զարգացմանը»,- ասաց Ա. Առաքելյանը:

Ավտոմատացված մշտադիտարկման ներդրումը, ըստ մասնագետի, հնարավորություն կընձեռի լուծելու առկա խնդիրները, ինչպես նաև կօգնի բնական հոսքի վերականգնման հաշվարկներում:

Նշենք, որ սեմինար-քննարկման ընթացքում հնչեցին ոլորտին առնչվող հարցեր, եղան տարակարծություններ:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել վարչական դատավարության միջհոսքային դատախաղ:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն իր վրդովմունքն է արտահայտում ԵՊՀ արհեստակցական միության տարածած հայտարարության վերաբերյալ և բացատրում միությունից դուրս գալու պատճառները։