12.11.2019 | 
Հասարակություն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել քննարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ, որի ընթացքում ներկայացվել են նախագծում ամրագրված հայեցակարգային բնույթի այն գաղափարները, որոնք, ըստ ֆակուլտետի, խոցելի են:

Դեռևս հոկտեմբերին հրապարակվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դիրքորոշումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ, որի համաձայն՝ դրանում առկա են խոցելի դրույթներ, և ըստ այդմ՝ կարիք կա այն հիմնովին վերամշակելու:

 

Որպես հրապարակված դիրքորոշման արձագանք՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկել է միասին քննարկել ֆակուլտետի կողմից ներկայացված դիտողությունները և առաջարկությունները:

 

Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, նախարարի խորհրդական Անի Վարդապետյանը, որը համակարգում է օրենքի նախագծի մշակման աշխատանքները, ինչպես նաև Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և ամբիոնի դոցենտ Սերգեյ Մեղրյանը:

 

Մեզ հետ զրույցում Վահե Հովհաննիսյանը, որը հրապարակված դիրքորոշման վերաբերյալ հանդես էր եկել զեկույցով, ասաց, որ քննարկման արդյունքում օրենքի նախաձեռնության հեղինակները հաշվի են առել ներկայացված գրեթե բոլոր առաջարկություններն ու դիտողությունները. «Քննարկման ժամանակ մշակվել են ընդհանուր մոտեցումներ, որոնք անպայմանորեն տեղ են գտնելու օրենքի նախագծում»:

 

Բացի դրանից՝ հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության այլ ոլորտներ ևս: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս կարևոր նախագծերի վերաբերյալ ներկայացնելու մասնագիտական կարծիք:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՌԳԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ԳՐՈՄԻԿՈՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել էր Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Գրոմիկոն:
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը: