29.09.2016 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ 60%-Ը ԼԻԱՐԺԵՔ ԱՎԱՐՏԵԼ Է ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ 60%-Ը ԼԻԱՐԺԵՔ ԱՎԱՐՏԵԼ Է ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Այսօր կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս ուստարվա առաջին նիստը՝ օրակարգային 7 հարցերով:

Նիստի սկզբում հաստատվեց ԵՊՀ գիտխորհրդի՝ 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի նիստերի ժամանակացույցը: 

 

ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում կատարվելիք փոփոխությունները և լրացումները ներկայացրեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Փոփոխությունները վերաբերում են մի շարք մասնագիտությունների ընդունելության քննություններին, որոշներն էլ փոխարինվել են այլ մասնագիտություններով: Նշենք, որ փոփոխությունները կկատարվեն միայն ՀՀ ԿԳՆ-ի հաստատումից հետո:

 

«Իջևանի մասնաճյուղում առաջարկվում է ներդնել «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունը, «Սերվիսը» փոխարինել «Տուրիզմով»: Երկու դեպքում էլ շուկան ուսումնասիրված է, և հուսով ենք, որ այդ փոփոխությունները արդյունք կտան»,- նշեց պարոն Գրիգորյանը: 

 

Այնուհետև հաստատվեց բակալավրիատի 2016-2017 ուստարվա ընդունելության մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը, ինչպես նաև այս ուստարվա 1-ին կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

 

«Մինչ օրս հաստատված է 56 անվանական կրթաթոշակ, վերջերս Ժուռնալիստիկայի ֆակուլտետը Լևոն Անանյանի ընտանիքից առաջարկ է ստացել սահմանել ևս մեկ կրթաթոշակ: Ստացվում է, որ 57 կրթաթոշակներից 41-ն այս տարի ունի նոր թեկնածուներ: Մյուսները շարունակում են ստանալ, ինչպես նախորդ կիսամյակում»,- տեղեկացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը:

 

Օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերում էր ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական 5-ամյա ծրագրին (2011-2016 թթ.), որն այս տարի ավարտվեց:

 

«Ծրագիրն ավարտվել է դասախոսների անհատական ատեստավորմամբ, արդեն հայտնի է, թե որ դասախոսը որքան կրեդիտ է հավաքել: Այս ծրագրով որակավորման բարձրացում է անցել 867 դասախոս՝ կուտակելով 27.667 կրեդիտ: Անգլերենից քննություն է հանձնել 839 դասախոս, որից 327-ն է ապահովել B1-C2 մակարդակի իմացություն: Համակարգչային դասընթացներին մասնակցել է 800-ից ավելի դասախոս. այս մոդուլի արդյունքները թերևս ամենագոհացուցիչն են: Ներկայացվել է 6000-ից ավելի գիտական աշխատանք, որից շուրջ 500 հոդված տպագրվել է միջազգային գրախոսվող ամսագրերում»,- ասում է ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:

 

Տիկին Աղասյանի խոսքերով, սակայն, դասախոսների մի հատված օտարված է գիտական գործունեությունից: 130 դասախոս չի ներկայացրել գիտական որևէ աշխատանք: «Այսպիսով՝ ծրագիրը լիարժեքորեն ավարտել է 500 դասախոս (շուրջ 60%-ը), 100 դասախոս ուշ է միացել ծրագրին, 270-ը չի ավարտել տարբեր պատճառներով: Անգլերենի քննությունը չի հանձնել 76 հոգի»,- հավելեց նա:    

 

Այնուհետև ռեկտոր Արամ Սիմոնյանը ծավալուն ելույթով խոսեց ԵՊՀ զարգացման հեռանկարների մասին: Նախ անդրադարձավ վարկանիշային համակարգերում ԵՊՀ-ի զբաղեցրած հորիզոնականների վերաբերյալ խոսակցություններին. «Մեր խնդիրը ոչ թե այս կամ այն ռեյտինգային համակարգում հայտնվելն է, այլ հաստատուն քայլերով առաջ գնալը, որպեսզի մեր քաղաքացուն կարողանանք լավ կրթություն տալ, որպեսզի ունեցած ռեսուրսներով դառնանք տարածաշրջանային լավագույն բուհը»:

 

ԵՊՀ զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը բակալավրիատում և մագիստրատուրայում կրթական ծրագրերի վերանայումն է. գործընթաց, որն արդեն ընթացքի մեջ է, և առաջիկայում կլինեն կոնկրետ փոփոխություններ: «Անհրաժեշտ է տարբերակել և ունենալ 2 տիպի կրթություն՝ մագիստրատուրա՝ մասնագիտական կարիքների համար, և մագիստրատուրա՝ ակադեմիական կարիքների համար: Նույնը նաև աստիճանաբար պետք է անենք բակալավրիատում: Դա ամբողջ աշխարհում է կիրառվում»,- նշեց պարոն Սիմոնյանը:  

 

Ելույթի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բուհի կադրային քաղաքականությանը, որտեղ ևս շեշտադրումները պետք է փոխվեն՝ մերօրյա պահանջվող որակավորումներին համապատասխանելու համար: Բուհի միջազգային ճանաչման ու առաջընթացի հարցում շատ կարևոր դեն են խաղում նաև գերազանցության կենտրոնները, որոնց ստեղծման ու զարգացման ուղղությամբ ևս ԵՊՀ-ն բավականին անելիքներ ունի:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյանի ելույթն ավելի մանրամասն կներկայացնենք «Երևանի համալսարան» թերթի առաջիկա համարում:

 

Զուտ աշխատանքային հարցերի շարքում նիստի մի հատվածը նախատեսված էր շնորհավորանքների համար: Դրանք ուղղված էին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանին, ով այս տարի բոլորում է ծննդյան 80-ամյակը:

 

Նիստի ավարտին գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Ա. Սարգսյանի, նույն ամբիոնի վարիչ Ա. Սաֆարյանի և դոցենտ Լ. Սահակյանի հեղինակած «Օսմաներենի դասագիրք» աշխատանքը, այնուհետև միջնորդություն է ներկայացնելու ՀՀ ԿԳՆ-ին՝ այն որպես դասագիրք ճանաչելու հարցով:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդիին: