19.09.2018 | 
Ուսանողական, Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ԹԵԺ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ԹԵԺ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ
Այսօր Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները և «Ռեստարտ» ուսանողաքաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էին համաֆակուլտետային հանդիպում-քննարկում:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի ուսանող, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Լևոն Չուկակլյանը ասաց, որ Քաղաքագիտության և Հանրային կառավարման բաժինների մի խումբ ուսանողներ ստորագրահավաք էին նախաձեռնել՝ նպատակ ունենալով ֆակուլտետի անվանափոխության հարցը քննարկել և ԵՊՀ գիտխորհուրդ հասցնել: Բացի այդ՝ առաջարկվում էր ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կլինեին յուրաքանչյուր բաժնից 5 ուսանող:

Քննարկման ընթացքում ելույթներ ունեցան ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներ:

Միջազգային հարաբերությունների բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կարեն Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ստորագրահավաքը չի կարող քննարկվող խնդրին կառուցողական լուծում տալ: Ըստ նրա՝ ստորագրահավաքը չի արտահայտում ֆակուլտետի բոլոր ուսանողների կարծիքը.«Ակադեմիական նշանակության հարցը չի կարող ստորագրությամբ լուծվել»:

 

 

Նա նաև հավելեց, որ այս հարցի լուծման իրավունքը վերապահված է ԵՊՀ գիտխորհրդին և հոգաբարձուների խորհրդին, ինչպես նաև ԿԳՆ-ին:


Հանրային կառավարման բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Վարդանյանը ելույթի ընթացքում խոսեց այն մասին, որ կառավարումն առանձին գիտակարգ է, պետք է փոխել ֆակուլտետի անունը: Ըստ նրա՝ այս քննարկման նպատակն այն է, որ տարբեր կարծիքներ լսելի լինեն: Անի Վարդանյանն անդրադարձավ նաև հանրային կառավարման գիտակարգի առանձնացման անհրաժեշտությանը: Նա կոչ արեց աշխատանքային խմբեր կազմելուց բացի՝ հարցի քննարկումը տեղափոխել գիտական ոլորտ:

Միջազգային հարաբերություններ բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Դանիելյանն ասաց, որ ուսանողական միջավայրում ֆակուլտետի անվանափոխության հարցը քննարկելը տարօրինակ է: «Փորձում ենք լղոզել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի անվանումը կամ այլ անվանումներ ավելացնել, ինչն էական հարված կհասցնի պրոֆեսիոնալիզմին»: Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչ կտա անվանափոխությունն ուսանողին, համալսարանին ու պետությանը:



Ֆակուլտետի շրջանավարտ, այժմ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի ուսանող, ինչպես նաև «Ռեստարտ» ուսանողաքաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ելույթի ընթացքում նշեց, որ խիստ կարևոր են նման քննարկումները, քանի որ ուսանողները միմյանց չեն ճանաչում, չեն շփվում: Նա կողմ է աշխատանքային խմբերի կազմմանը և քննարկմանը, որի արդյունքները կներկայացվեն դեկանատ, դասախոսներին:

«Մենք լուրջ խնդրի առջև ենք կանգնած. մեր փոխարե՞ն են որոշում կայացնելու, թե մենք ենք մեր որոշումն ընդունելու»,- ասաց Դավիթը: Ըստ նրա՝ ֆակուլտետի դեկանատից զանգահարել են ուսանողներին և հորդորել, որ մեկ այլ ստորագրահավաք կազմակերպեն:

«Մենք պետք է միավորվենք, եթե ուզում ենք, որ այս ֆակուլտետում որևէ բան փոխվի»,- իր ելույթը եզրափակեց Դավիթը:

Իսկ Միջազգային հարաբերություններ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Մաթևոսյանը համաձայնեց միասնական լինելու գաղափարին, սակայն անվանափոխության խնդիրը համարեց արհեստածին, քանի որ չի պարունակում որևէ բովանդակային փոփոխություն և ակադեմիական առումով ոչ մի օգուտ չի տալիս: Նա ևս խոսեց այն մասին, որ նմանօրինակ հարցը պետք է քննարկվի գիտական միջավայրում: Միլենա Մաթևոսյանը նաև նշեց, որ համալսարանի շատ ֆակուլտետներ բախվում են որոշ նմանություններ ունենալու խնդրին, և դա չի նշանակում, որ ֆակուլտետները պետք է միավորվեն կամ առանձնանան:



Լևոն Չուկակլյանը, ամփոփելով քննարկումը, նշեց, որ պետք է խուսափել հավակնորդ հայտարարություններից և տարանջատումներից: Նա հայտարարեց, որ ֆակուլտետի դեկանը ևս դեմ է ներկայիս անվանմանը. «Մեր ֆակուլտետի դեկանն այս գործողությունները համարում է իր անձի, իր պաշտոնի, իր շահերի համար սպառնալիք և վարչական ապարատի, ավագների ինստիտուտի միջոցով փորձում է այս հարցը լուծել»: Լևոն Չուկակլյանն ասաց, որ քննարկումը նախաձեռնվել է, որպեսզի ուսանողները կարողանան կամարտահայտվել:

Քննարկման վերջում ելույթ ունեցավ նույն ֆակուլտետի ուսանող Ալեն Արշակյանը. «Հանձինս Ձեզ՝ Դավիթ Պետրոսյա՛ն, ուզում եմ ասել, որ ես այստեղ բացահայտ սադրանք տեսա: Եթե Դուք կամ Ձեր բաժինն ունեք խնդիրներ դեկանատի հետ, ապա դրանք չպետք է առնչվեն մյուս ուսանողներին: Համալսարանը փողոց չէ: Խնդրում եմ բոլորին՝ հարգալից խոսել մեր ղեկավար կազմի մասին: Ո՛չ մի աշխատանքային խումբ, ո՛չ մի գործընթացներ այստեղ չեն ծավալվելու, եթե Դուք անտեսում եք ԿԳ նախարարության որոշումները և կարծում եք, որ այստեղ ուսանող կա, ով ավելի լավ է տիրապետում ամեն ինչին, ով նաև կարող է կառուցվածքային փոփոխություններ կատարել, ապա այս ամենը քննարկեք ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Այստեղ ուսանողները չպետք է տրամադրվեն դեկանատի դեմ»:

Բուռն քննարկումներից հետո ուսանողները լքեցին Պալեանների անվան դահլիճը՝ այդպես էլ չգտնելով միասնական որոշում:


Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը:
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: