27.03.2020 | 
Կրթություն
«ԱՎԵԼՈՐԴ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՎ ԿՈՉ ԱՆԵԼ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԵՌԱՆԴ ԴՐՍԵՎՈՐԵԼ»․ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«ԱՎԵԼՈՐԴ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՎ ԿՈՉ ԱՆԵԼ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԵՌԱՆԴ ԴՐՍԵՎՈՐԵԼ»․ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում առցանց ուսուցման իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Բարսեղյանի հետ:

- Պարո՛ն Բարսեղյան, ինչպես են Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվում առցանց դասընթացները:

 

- Նախ ուզում եմ նշել, որ ամբողջ աշխարհին պատուհասած համաճարակային այս ծանր իրավիճակում, որից, ցավոք, անմասն չմնաց նաև մեր երկիրը, կարևոր եմ համարում, որ իմ գործընկերները չեն կորցրել լավատեսությունը և դասախոսի իրենց կոչման նկատմամբ ունեցած պատասխանատվությունը:

 

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետն էլ այսօր մյուսների նման լծվել է, թեկուզ հեռավար ձևով, մեր ուսանողությանն իր շուրջը համախմբելուն և առավելագույն ջանքեր գործադրելուն, որպեսզի չընդհատվի ուսանողներին գիտելիքներ փոխանցելու այս կարևոր գործընթացը: Ընդ որում՝ դրական գնահատականի է արժանի բոլոր ամբիոններում իրականացվող աշխատանքների ընթացքը: Կիրառվում են առցանց ուսուցման գրեթե բոլոր հնարավոր հարթակները («E-learning.ysu.am» կայքի «Moodle» և «Bigbluebutton» ծրագրեր, «Zoom.us», «Google classroom», «Teams.microsoft.com», «Facebook», «Messenger», «Viber», «WhatsApp»,  «Skype», «Windows Team», «էլեկտրոնային փոստ»,   «Cloud Meetings», «Google Drive», «Էլեկտրոնային գրատախտակ», «Տեսալսողական միջոցներ» և այլն)` հաշվի առնելով կատարվող աշխատանքի իրականացման արդյունավետությամբ պայմանավորված նպատակահարմա­րությունը:

 

 

- Իսկ ի՞նչ  խոչընդոտներ են հաղթահարվել դասընթացները կազմակերպելիս:

 

- Իհարկե, չեմ կարող չխոստովանել, որ հեռավար ուսուցման սկզբնական փուլը լի էր բազմաթիվ դժվարություններով՝ կապված ինչպես տեխնիկական խնդիրների հաղթահարման, այնպես էլ անհրաժեշտ հմտություններ մշակելու հետ: Երբեմն անհրաժեշտ էր լինում նաև ձերբազատվել հոգեբանական բարդույթից:  Ընդ որում՝ դժվարությունները ոչ միայն դասախոսների, այլ նաև ուսանողների համար էին: Սակայն ուզում եմ ուրախությամբ նշել, որ այսօր մեր ֆակուլտետում հեռավար դասընթացները կանոնավոր հուն են մտել և հաջող են ընթանում:

 

Չի կարելի չնկատել, որ դասախոսի պարտականությունների կատարումն այս պայմաններում առավել աշխատատար է դարձել (տարբեր առաջադրանքների, հարցաշարերի, քննարկվելիք թեմաների, տեսադիտողական նյութերի պատրաստում և այլն): Սակայն ակնհայտ է, որ հեռավար ուսուցումը հեռանկարային մոտեցում է, և ներդրված ջանքերը չեն կարող ապարդյուն անցնել:

 

 

- Ինչպե՞ս եք գնահատում ուսանողների մասնակցության ակտիվությունն առցանց դասընթացներին:

 

- Դասախոսների ներկայացրած տվյալների ամփոփ պատկերը թույլ է տալիս նկատել, որ հեռավար ուսուցման ամենատարբեր հարթակներում ուսանողների մասնակցության ակտիվությունը կարելի է ավելի, քան բավարար համարել:

 

 Սակայն օգտվելով այս առիթից՝ ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հորդորել և կոչ անել մեր ուսանողներին էլ ավելի մեծ ակտիվություն ու եռանդ դրսևորել, որպեսզի բացթողումները սև բծեր չթողնեն իրենց ապագայի վրա:

 

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ֆակուլտետի դեկանի տեղակալ բ.գ.թ. Նարինե Մադոյանին, որը ֆակուլտետում հեռավար ուսուցման կազմակերպման գործում ուժ ու ջանք չի խնայում՝ թե՛ դասախոսներին և թե՛ ուսանողներին աջակցելու գործում:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: