23.03.2020 | 
Կրթություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է  ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԸ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև խափանում թույլ չտալու համար։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում արդեն մեկ շաբաթ իրականացվող գործընթացի վերաբերյալ զրուցել ենք ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց ֆակուլտետում հեռավար ուսուցման գործընթացի կազմակերպումը:

 

- Ֆակուլտետում դեռևս մարտի 3-ից, երբ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ դադարեցվել էր ուսումնական գործընթացը, «Moodle» համակարգի միջոցով իրականացվել է հեռավար դասավանդում, որը ֆակուլտետում ներդրվել և կիրառվում է 2018 թ․ հոկտեմբերից: Մարտի 13-ից էլ, երբ հայտարարվեց, որ ուսումնական գործընթացը դադարեցվելու է, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցների և ֆակուլտետի դեկանատի ջանքերով ներդրվեց «BigBlueButton» վեբկոնֆերեց հավելվածը, որը, աշխատելով  «Moodle» կրթական համակարգի միջոցով, հնարավորություն է տալիս վիրտուալ լսարանի միջոցով մասնակցելու վեբինարների: Այսինքն՝ հեռավար ուսուցման կազմակերպումը ֆակուլտետում նոր չէր, և ըստ այդմ՝ մենք կարողացանք մարտի 16-ից լիարժեք իրականացնել ուսումնական գործընթացը:

 

- Ամփոփելով անցնող շաբաթը՝ ի՞նչ կասեք արձանագրված արդյունքների վերաբերյալ:

 

 

- Մարտի 22-ին մենք ամփոփեցինք անցած օրերին իրականացված աշխատանքները, ինչը ցույց տվեց, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասն ուսումնական գործընթացը հիմնականում կազմակերպում է «Moodle» համակարգի միջոցով: Միայն Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի 17 դասախոսներից 16-ն այս պահին դասավանդում է այդ  համակարգի և դրա միջոցով աշխատող «BigBlueButton» հավելվածի ակտիվ կիրառմամբ: Կան նաև դասախոսներ, որոնք օգտագործում են «Zoom» համակարգը, իսկ օտար լեզուներ դասավանդող  դասախոսները հիմնականում կիրառում են «Skype»-ը կամ այլ սոցիալական հարթակներ, բայց ֆակուլտետի դասախոսական հիմնական կազմն ուսումնական գործընթացը կազմակերպելիս կիրառում է «Moodle» համակարգը:

 

- Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս է հաջողվել արագորեն կազմակերպել այս գործընթացը, ինչպե՞ս են նախապատրաստվել դասախոսները:

 

- Մեր ֆակուլտետում հեռավար ուսուցման գործընթացին դասախոսների պատրաստված լինելը պայմանավորված է նրանով, որ  մեր ռազմավարական առաջնահերթություններից մեկը տարիներ շարունակ եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումը կրթական գործընթացում, այդ իսկ նպատակով մենք դեռևս 2018 թ. հոկտեմբերից լայնորեն սկսել ենք «Moodle» համակարգի կիրառումը: Արդեն  նույն թվականի դեկտեմբերին որոշ դասընթացների երկրորդ ընթացիկ քննությունները նույնիսկ անցկացրել ենք այդ համակարգով, ինչը հավանության էր արժանացել ուսանողների և դասախոսների կողմից: 2019 թ․ հունվարին մեր խնդրանքով ՏՏ կենտրոնի աշխատակից Ա․ Ավագյանը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների համար կազմակերպել էր դասընթաց, որի արդյունքում 2019 թ․ փետրվարին մենք արդեն ունեինք «Moodle» համակարգով դասավանդում իրականացնելուն պատրաստ 35 դասախոսներ, որոնցից մեծ մասը 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակից սկսել էր դասավանդման ընթացքում կիրառել  խառը համակցված ուսուցումը: Հետագայում դասախոսների վերապատրաստման գործընթացը շարունակական բնույթ ստացավ  և ֆակուլտետում  խառը համակցված ուսուցման ներդնումը հիմնական նպատակներից մեկը դարձավ։ Այս գործընթացի շնորհիվ է,  որ մեր ֆակուլտետը կարողացավ արագորեն անցնել հեռավար ուսուցմանը։

 

 

- Իսկ ինչպե՞ս են արձագանքել ուսանողները:

 

- Ուսանողները ևս մեծ ոգևորվածությամբ ներգրավվել են այս գործընթացին և ակտիվորեն մասնակցում են հեռավար ուսուցմանը: Բացի ուսումնական գործընթացի կազմակերպումից՝ 2019 թ․ ապրիլին մեր ֆակուլտետի Միջազգային հարաբերություների  բաժնի բակալավրիատի երկրորդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողներին հնարավորություն էր տվել իրենց կամընտրական առարկաները, որոնք պետք անցնեին 2019-20 ուստարվա երկրորդ կիսամյակից, ընտրելու «Moodle»-ով, այսինքն՝ առցանց եղանակով, իսկ անցած սեպտեմբերին էլ նույն բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներն իրենց ավարտական աշխատանքների թեմաները նույնպես  ընտրել են «Moodle»-ով, ինչը, կարծում եմ, արդարացված մեթոդ է և կարելի է կիրառել համալսարանի մյուս բոլոր ֆակուլտետներում ևս։ Ի դեպ, բակալավրիատի 2-րդ և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները մինչև ապրիլի 3-ը «Moodle» հարթակում ընտրելու են 2020-21 ուստարվա երկրորդ կիսամյակի կամընտրական առարկաները: Նշեմ նաև, որ ֆակուլտետը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ ապրիլի մեկից հեռակա ուսուցումը ևս հեռավար իրականացնելու համար:

 

- Պարո՛ն Պետրոսյան, ուսումնական գործընթացն ըստ նախապես սահմանված դասացուցակի՞ է կազմակերպվում: Ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել:

 

-  Հեռավար ուսումնական գործընթացը կազմակերպելիս դասացուցակում ժամային փոփոխություն չկատարեցինք. դասերը ընթացան և շարունակում են  ընթանալ նախապես կազմված դասացուցակով: Մեր ֆակուլտետում առկա ուսուցումը կազմակերպվում է երկու հերթափոխով: Դասախոսների մի մասը երկու հերթափոխում էլ դասավանդում է, և այս առումով մենք մեկ շաբաթվա ընթացքում խնդիրներ չունեցանք: Այսինքն՝ շարունակելու ենք նույն դասացուցակով իրականացնել ուսումնական գործընթացը։ Որոշ խնդիրներ եղան՝ կապված համացանցի ծանրաբեռնվածության հետ, ինչի պատճառով  որոշ դասընթացների ժամային  փոփոխություն եղավ,  բայց այն չխանգարեց երկրորդ հերթափոխի գործընթացին։ Կարծում եմ՝ այս պարագայում նման փոքր տեղաշարժերը թույլատրելի են։ Անցած շաբաթ  ուսումնական գործընթացի կազմակերպմանն արագորեն արձագանքեցին նաև Ռուսաց լեզվի  (հումանիտար ֆակուլտետների համար), Հայոց լեզվի, Անգլերենի թիվ 2 ամբիոնների այն դասախոսները, որոնք դասավանդում են մեր ֆակուլտետում, սակայն որոշ ֆակուլտետների դասախոսներ էլ, որոնք սպասարկում են մեր ֆակուլտետին, անցած շաբաթ գործընթացին չեն մասնակցել: Առաջիկա աշխատանքային օրերին հեռավար ուսուցման կազմակերպման համար այդ ֆակուլտետների իմ գործընկերների հետ պետք է քննարկեմ այդ խնդիրը։

 

 

- Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և առաջացած խնդիրները լուծելու համար քայլերի ի՞նչ հաջորդականություն եք մշակել:

 

- Աշխատանքային քննարկման արդյունքում որոշել ենք, որ դեկանատի աշխատակիցները յուրաքանչյուր օր  «Skype»-ով խորհրդակցություն են անցկացնելու կուրսերի ավագների հետ՝  առաջացած խնդիրներին լուծումներ տալու համար: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո դեկանատը նույն կերպ  խորհրդակցություն է անցկացնելու նաև ամբիոնների աշխատակիցների հետ, մասնավորապես լաբորանտների հետ,  որոնք անընդհատ կապի մեջ են լինելու դասախոսների հետ և հավաքագրելու են ի հայտ եկած խնդիրները: Խորհրդակցությունների ընթացքում բարձրաձայնվելու են այդ խնդիրները և դրանք լուծելու եղանակները: Հարկ եղած դեպքում նմանօրինակ խորհրդակցության հրավիրվելու է նաև դասախոսը՝ քննարկումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

 

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԵՊՀ  տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցներին, հատկապես Ա․ Ավագյանին: Կենտրոնի հետ մենք սերտորեն համագործակցում ենք արդեն երկու տարի, և պետք է ասել, որ այս ընթացքում Ա․ Ավագյանը և իր գործընկերները համբերատար լսել ու ընդունել են մեր առաջարկությունները և դրանք կյանքի կոչել, ինչի շնորհիվ էլ այս իրավիճակում մեր ֆակուլտետը կարողանում է արդյունավետ կազմակերպել հեռավար ուսուցումը: Շնորհակալություն եմ հայտնում նաև Տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակիցներին, ֆակուլտետի դեկանատին, մասնավորապես  դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանին իր ակտիվ գործունեության համար։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԳՈՐԾԻՔ
ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում՝ https://e-learning.ysu.am-ում («Moodle»), բացի արդեն առկա առցանց դասախոսությունների իրականացման («Webinar», «Bigbluebutton») համակարգերից՝ ներդրվել է նաև «Zoom» (վիդեոկոնֆերանս, վեբկոնֆերանս) գործիքը։
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ, ԲԱՐՁՐ ԿՈՒՐՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՁԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՄՆԱԿԱՆԸ». ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ
Ելնելով մարտի 16-ին ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն ուսումնական գործընթացը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման: