30.03.2020 | 
Կրթություն
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանատի ընդլայնված հեռավար նիստ՝ դեկանի, դեկանի տեղակալների, ամբիոնների վարիչների, լաբորանտների, առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերի ու խմբերի ավագների մասնակցությամբ։

Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ այս ձևաչափով և նման կազմով հեռավար նիստի նպատակն էր ամփոփել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հեռավար ուսուցման գործընթացը և ստանալ նոր առաջարկություններ՝ ընթացակարգն արդյունավետ կազմակերպելու ու գործընթացն առավել կատարելագործելու համար:

 

Նրա փոխանցմամբ, նիստի ընթացքում Իրավագիտության ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ըստ ամբիոնային առարկաների, ամփոփ տեղեկություններ են ներկայացրել անցկացված դասախոսությունների և գործնական պարապմունքների մասին՝ դրական արդյունքների հետ միասին ներկայացնելով նաև նոր առաջարկներ, ինչպես նաև շտկման կարիք ունեցող բովանդակային և տեխնիկական որոշ հարցեր։

 

Դեկանի տեղեկացմամբ, ուսանողները ևս ներկայացրել են իրենց տպավորությունները հեռավար ուսուցման ընթացքի վերաբերյալ, որոնք հիմնականում եղել են դրական, ինչպես նաև բարձրաձայնել իրենց հուզող որոշ հարցեր:

 

«Ուսանողների բարձրաձայնած հարցերը հիմնականում վերաբերել են տեխնիկական խնդիրներին: Բացի դրանից՝ հնչել են նաև հարցեր վճարումների, քննաշրջանի անցկացման կարգի, դրա հնարավոր փոփոխությունների վերաբերյալ: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ավարտական և կուրսային աշխատանքների պատրաստման ու ներկայացման կարգի և ժամկետների հետ կապված հարցեր»,- ասաց Գագիկ Ղազինյանը։

 

Դեկանի փոխանցմամբ, ուսանողները նիստի ընթացքում հատուկ շնորհակալություն են հայտնել դեկանի օգնական Աշոտ Պետրոսյանին՝ փաստելով, որ վերջինս մշտապես օգնում և աջակցում է՝ լուծելու առաջացած տեխնիկական բոլոր խնդիրները:

 

 

Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը նշեց, որ ֆակուլտետում անցած շաբաթվա ընթացքում անցկացվել են ինչպես դասախոսություններ, այնպես էլ սեմինարներ ու գործնական պարապմունքներ. «Սեմինարների ժամանակ քննարկվել են տվյալ թեմայի վերաբերյալ տեսական հարցերը, իսկ գործնական պարապմունքների համար էլ տվյալ առարկայի վերաբերյալ նյութեր են ուղարկվել ուսանողներին՝ ըստ խմբերի, տրվել են առաջադրանքներ, ինչպես նաև դրանց կատարման վերաբերյալ պարզաբանող տեղեկատվություն և դատավարական փաստաթղթերի նմուշներ»:

 

«Առաջադրանքներից են եղել, օրինակ, տարբեր դատավարական փաստաթղթերի կազմումը, գործի քննության ընթացքում ծագած որոշակի իրավիճակների վերլուծությունը և այլն: Ուսանողները դրանք կատարել են, ապա ուղարկել դասախոսին: Առաջադրանքների ստուգումից հետո ի հայտ են եկել ընդհանրական խնդիրներ, որոնք էլ ակտիվորեն քննարկվել են գործնական պարապմունքի ընթացքում առցանց հարթակների միջոցով: Այսինքն՝ թեման յուրացնելու համար հավասարապես կարևորվում են և՛ դասախոսությունները, և՛ սեմինարները, և՛ գործնական պարապմունքները»,- ասաց դեկանը։

  

Գագիկ Ղազինյանը փաստեց, որ անցած շաբաթվա ընթացքում տեխնիկական խնդիրների պատճառով միայն մեկ դաս չի իրականացվել, որն առաջիկայում անպայման լրացվելու է. «Այսօրվանից էլ, ըստ դասացուցակի, լրացվում են հեռակա ուսուցման համակարգի բաց թողնված բոլոր դասերը: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ֆակուլտետում ամբողջ ծավալով իրականացվում են նախատեսված բոլոր դասերը»:

 

Ֆակուլտետի դեկանը տեղեկացրեց, որ այս կազմով և ձևաչափով դեկանատի նիստեր իրականացվելու են յուրաքանչյուր երկուշաբթի:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: