Դեկտեմբերի 6-8-ը «DOCMEN» նախագծի շրջանակում ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն էին այցելել Հոլոնի տեխնոլոգիայի ինստիտուտի (Իսրայել) պրոֆեսոր Մոտտի Հարիդիմը և Բեռլինի տեխնիկական համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Յուրի Պլոտկինը:
«Այսօր շարունակվում է նախագծում մասնակցող Եվրամիության համալսարաններից փորձի փոխանակումը դեպի նախագծում մասնակցող գործընկեր համալսարանները: Այս տարի Ղազախստանի, Հայաստանի և Իսրայելի համալսարաններում արդեն իսկ սկսվել են Եվրամիության համալսարաններից դասախոսների նախատեսված այցելությունները, ինչպես նաև վարպետության դասերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները»,- նշեց ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը:
Նշեք, որ նախագծի շրջանակում ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի և Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի 9 դասախոսներ վերապատրաստվել են դրամաշնորհի մասնակից երկրների առաջատար բուհերում (Տուրինի պոլիտեխնիկական համալսարան, Սոֆիայի տեխնիկական համալսարան, Կրակովի տեխնիկական համալսարան):
Նույն ծրագրի շրջանակում 2017 թ.-ի հուլիսին ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը մասնակցել է ԵՊՀ-ում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որին ներկա են եղել նաև Տուրինում տեղի ունեցած միջազգային կոնսորցիումի բոլոր մասնակից համալսարանների ներկայացուցիչները:
2018 թ.-ի ապրիլին պրոֆեսոր Սամվել Շուքուրյանին վարպետության դասեր անցկացնելու նպատակով բացառության կարգով հրավիրել են Բեռլինի տեխնիկական համալսարան, ինչպես նաև Իսրայելի Հոլոնի տեխնիկական ինստիտուտ և Բար-Իլլան համալսարան։
Այցելության ժամանակ նախատեսվում են նաև բանակցություններ անցկացնել համատեղ հետազոտական աշխատանքներ և կրթական ծրագրեր իրագործելու ուղղությամբ:
Հավելենք, որ «Երկու փուլ պարունակող նորարարական ուսումնական ծրագիր միկրոէլեկտրոնային ճարտարագիտության բնագավառում» (“Development of two cycle innovative curricula in microelectronic engineering” - DOCMEN) նախագիծը մեկնարկել է դեռևս 2015 թ.-ին ստացված դրամաշնորհի արդյունքում: