12.11.2007 | 
Գիտություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿ
Այսպիսի որակավորում տվեցին իրենց մասնագիտությանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները 2006-2007թթ. ուսանողական հերթական լսումների ժամանակ:

Այսօր Սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ուսանողներն իրենց ավարտական եւ կուրսային աշխատանքների թեմաներով քննարկումներ էին կազմակերպել Տարածաշրջանային ինտեգրման եւ կոնֆլիկտների լուծման կենտրոնում: Նպատակը հասարակական կյանքում սոցիոլոգիայի դերի ու նշանակության կարեւորումն էր: 

«Սոցիոլոգիան, որպես գիտություն, զարգացման մեծ ճանապարհ ունի անցնելու Հայաստանում: Այս գիտությունը ներկայումս մեր իրականության մեջ անհարկի շահագործվում է: Հենց դուք` մեր ապագա սերնդի ներկայացուցիչները, առաքելություն ունեք. պաշտպանել սոցիոլոգիա գիտությունը գործիք դարձնելուց: Այս ոլորտում շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, եւ այդ լուծումները դուք պետք է տաք: Ուստի շատ եմ կարեւորում եւ ողջունում ձեր նախաձեռնությունը»,- ասաց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը: 

«Սոցիոլոգիայի ֆակուլտետում սովորում է մոտ 460 ուսանող, որոնց 5 տոկոսն է ներկա այս քննարկումներին: Իմ կարծիքով, դա վատ ցուցանիշ չէ, քանի որ ոչ բոլոր ուսանողները պետք է ուսումնասիրողի դերում հանդես գան: Այսօր ներկա ուսանողներն արդեն զեկուցողներ ու հեղինակներ են: Վստահաբար ուզում եմ ավելացնել, որ ֆակուլտետի ղեկավարությունը կաջակցի ուսանողների ցանկացած նախաձեռնությանը»,- ասաց ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Աթանեսյանը:

Մոտ քսան ուսանող զեկուցեց իր կատարած ուսումնասիրության արդյունքների մասին: Թեմաները տարբեր էին. սոցիոլոգիական երկխոսության առանձնահատկությունները, սոցիոլոգիան իրավական եւ քաղաքական դաշտում, ինքնաներկայացումն ամենօրյա կյանքում, մարդու իրավունքները եւ սոցիոլոգիան, բաց հասարակություն եւ այլն:

Հետաքրքրաշարժ զեկույց էր պատրաստել ուսանողուհի Արեւիկ Մարտիրոսյանը: Նա մանրամասն խոսեց նախընտրական շրջանում սոցիոլոգիայի կատարած դերի նշանակության մասին: Մասնավորապես անդրադարձավ Հայաստանում սոցիոլոգիայի` որպես քաղաքական գործիք, շահարկելու խնդրին: Զեկուցողը հանդես եկավ ԶԼՄ-ներում հրակարակված այն հոդվածների տեսությամբ, որտեղ սոցիոլոգը ներկայացված է որպես զուտ տվյալներ հրապարակող, իսկ սոցիոլոգիան ծախու գիտություն:

Վերջում ուսանողները հարց ու պատասխանի միջոցով փորձեցին լուծումներ առաջարկել առավել կարեւոր խնդիրների համար:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
ԵՊՀ-ում պահպանվում է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունների վերաբերյալ տեղեկությունների առաջին գրանցամատյանը, ըստ որի՝ թեկնածուական ատենախոսության առաջին պաշտպանությունը տեղի է ունեցել 1938 թվականին, իսկ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ 1943 թվականին:
«ՑԱՎՈՔ, ԱՅԺՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ԵՎՍ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԻ ՕՐԻՆԱԿՈՎ, ԱՅՍԻՆՔՆ` ՄԵՆՔ ՄԱՐԴՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ՄՏԱԾԵԼ, ԱՅԼ ԳՈՐԾԻՔ ԿԻՐԱՌԵԼ, ԲԱՅՑ ԳՈՐԾԻՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ». ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Հայրապետյանի հետ խոսել ենք ստեղծարարության (կրետիվության) զարգացման մեթոդների, հիմնախնդիրների և դպրոցի անհրաժեշտության մասին: