07.11.2019 | 
Կրթություն
«ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԱՃԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԱՃԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «ՀՀ բնակչության բնական աճի դինամիկան. պատմական միտումներն ու առկա մարտահրավերները» խորագրով սեմինար-քննարկում:

Սեմինար-քննարկման կազմակերպիչը ԵՊՀ ՈՒԳԸ-ն էր, որը վարեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը և սոցիոլոգ Արմեն Խաչիկյանը:

Միքայել Մալխասյանն անդրադարձավ ՀՀ-ում բնակչության աճի դինամիկային և տարբեր տարիների «հոգեբանական» շեմերին, ծնունդների և մահվան ընդհանուր թվերին, բնակչության բնական աճի ճգնաժամային անցմանը, համեմատություններ անցկացրեց հարևան պետությունների բնակչության տարիքային կազմի միջև և այլն:

Միքայել Մալխասյանն արձանագրեց, որ 1978 թվականին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն, 1988 թ.՝ 3.5 մլն մարդ, իսկ հետագայում արտագաղթի պատճառով շարունակական նվազման հետևանքով 2015 թվականին մշտական բնակչության թիվն առաջին անգամ նվազել է 3 միլիոնից:



«2020  թվականին ՀՀ-ում անցկացվելու է հաջորդ մարդահամարը, որի տվյալները կհրապարակվեն 2021 կամ 2022 թվականներին: Ամենայն հավանականությամբ ՀՀ-ում ապրող մշտական բնակչության թիվը կտատանվի 2.700.000-ից  2.750.000 սահմաններում»,- նկատեց Մ. Մալխասյանը:

Վերջինս ներկայացրեց նաև 1989-2018 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում ծնունդների և մահերի ընդհանուր թիվը:


Ըստ այդմ՝ բնակչության բնական հավելաճը կազմել է 650.000, ծնելիությունը՝ աշխարհի միջինից 0.63% ցածր, իսկ մահացությունը՝ աշխարհի միջինից 0.08 % բարձր:

 

Անդրադառնալով ՀՀ բնակչության բնական աճի ճգնաժամային անցմանը՝ բանախոսը նշեց մի քանի մտահոգիչ փաստ. «ՀՀ մայրանալու միջին տարիքն աճում է 28-ի, տղամարդկանց թիվը կանանց հարաբերակցությամբ գնալով նվազում է, գրանցվում է ամուսնությունների նվազում, և փոխարենը՝ ամուսնալուծությունների աճ»:

Վերջինս արձանագրեց 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ի մարզերի՝ սեղմված վերարտադրության օջախները:

«Լոռիում, Տավուշում, Շիրակում, Վայոց Ձորում և Երևանի մի քանի վարչական շրջաններում 2019 թ. 1-ին կիսամյակում նկատվել է սեղմված վերարտադրություն, այսինքն՝ մահացության գործակիցը գերազանցել է ծնելիության գործակցին»,- նշեց պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալը:


Վիճակագրական այսպիսի տվյալների հրապարակումից և առկա խնդիրների վերլուծությունից հետո Մ. Մալխասյանը կարևորեց ազգային ծրագրի անհրաժեշտության մշակումը, որը ենթադրում է բնական աճի վրա ազդող գործոնների համալիր ուսումնասիրություն և մոդելավորում, ազգային զեկույցի կամ ժողովրդագրական զարգացման հայեցակարգի պատրաստում:


«Այս ամենի շնորհիվ կձևակերպվեն ռազմավարական նպատակները և մարտավարական խնդիրները, կհստակեցվեն համալիր միջոցառումների ցուցակը, ժամանակացույցը և ծախսերը, ինչպես նաև կհաշվարկվեն ակնկալվող քանակական և որակական արդյունքները».- ամփոփեց բանախոսը:



Բանախոսներից Արմեն Խաչիկյանն էլ անդրադարձավ ՀՀ-ում տարբեր ժամանակներում եղած  ընտանիքի մասին պատկերացումների կառուցվածքային փոփոխությանը, որն ազդել է բնակչության թվի փոփոխության և ծնելիության մակարդակի վրա:

Բանախոսի բնորոշմամբ, բնական աճը սոցիալական վարքի արդյունք է:

Նրա պնդմամբ, պետք է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում սոցիալական վարքը, ինչպիսի նախադրյալներ են անհրաժեշտ դրա ձևավորման համար: Ա. Խաչիկյանն ընտանիքի մոդելի ձևավորման գործում կարևորեց մեդիայի, հաղորդակցության և գովազդի դերը՝ նշելով դրական և բացասական կողմերը:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում ՏՏ ոլոտում հայտնի «Ֆիդեմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր Ֆրանսիայի Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե համալսարանից ժամանած պրոֆեսորներ Քամիլ Լուփյակն ու Ստեֆան Գիյոմը դասախոսություններ են կարդացել ուսանողների համար: