03.02.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ՄԻԵԴ» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻՆ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ՄԻԵԴ» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻՆ
Նոթինգհեմի համալսարանում հունվարի 24-27-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարան» դատախաղի 8-րդ մրցույթի (EHRMCC) տարածաշրջանային փուլին և տպավորիչ արդյունքներ գրանցել:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարան» դատախաղի 8-րդ մրցույթը (EHRMCC) աշխարհում անգլերենով անցկացվող ամենամեծ դատական մրցույթն է: Այն կազմակերպվում է Եվրոպական իրավագիտության ուսանողների ասոցիացիայի (ELSA) կողմից:

 

Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ գրավոր և բանավոր: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մրցույթին ներկայացնում են մագիստրատուրայի ուսանողուհի Սեդա Ստեփանյանը,  բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Մարտիրոսյանը և թիմի ավագ, բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Իգոր Միրզախանյանը։

 

Թիմը հաջողությամբ հաղթահարել է գրավոր փուլը և ստացել բանավոր փուլին մասնակցելու հնարավորություն: Մրցույթի բանավոր փուլը ևս բաղկացած է փուլերից՝ տարածաշրջանային և եզրափակիչ: Տարածաշրջանային փուլն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Լիտվայում: ԵՊՀ թիմը հրավիրված էր մասնակցելու Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանում տեղի ունեցած տարածաշրջանային բանավոր փուլին, որի ընթացքում երկու անգամ հանդես է եկել ելույթներով՝ առաջին խաղում ներկայացնելով դիմող կողմի, երկրորդում ՝ պետության դիրքորոշումները։

 

Մեզ հետ զրույցում թիմի ներկայացուցիչ Սեդա Ստեփանյանը հաղորդեց, որ «EHRMCC» 8-րդ դատախաղի դեպքը վերաբերում էր միջազգային զինված հակամարտության համատեքստում տեղի ունեցող ռազմական բախումներին և միջազգային մարդասիրական իրավունքին: Դեպքում գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածներով:

 

 

Նրա խոսքով, մրցույթի կազմակերպիչներն ու դատավորները բարձր են գնահատել ԵՊՀ թիմի մասնակցությունը մրցույթին և կատարած աշխատանքը. «Մասնավորապես առանձնացվել են թիմի անդամների գիտելիքներն ու կատարած ուսումնասիրությունները մրցույթի թեմայի վերաբերյալ, ինչպես նաև անգլերենի իմացությունը»։

 

Մրցույթի մասնակիցների հավաստմամբ, այն հիանալի հնարավորություն է ընձեռում բարելավելու գրավոր և բանավոր իրավապաշտպանության հմտությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գանգատի քննության ընթացակարգերի սիմուլյացիայի միջոցով:

 

««Մարդու իրավունքների եվրոպական դատարան» դատախաղ-մրցույթին մասնակցելը հիանալի հնարավորություններ է ընձեռում ծանոթանալու միջազգային փորձին և կապ հաստատելու այլ համալսարանների ուսանողների հետ: Բացի դրանից՝ մրցույթում հաղթանակը հնարավորություն է տալիս անցնելու ուսումնական պրակտիկա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասաց Սեդա Ստեփանյանը:

 

Նրա հավաստմամբ, ԵՊՀ թիմի՝ մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցության հնարավորությունը պարզ կլինի տարածաշրջանային փուլի բոլոր խաղերի ավարտին:

 

Տեղեկացնենք որ բանավոր փուլի եզրափակիչը տեղի է ունենալու Ստրասբուրգում, որի ընթացքում մասնակիցները կներկայանան ներկայիս ՄԻԵԴ դատավորների առջև, կհանդիպեն մարդու իրավունքների պաշտպանության վաստակավոր մասնագետների հետ և կմասնակցեն հանդիսավոր արարողությունների, ինչպես նաև կմասնակցեն եզրափակիչ խաղերին Մեծ պալատում:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
 «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՉՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Համավարակի հետևանքով տնտեսության և դրա ոլորտների առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երևանի համալսարանի հիմնադրումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից էր: Այն, ըստ էության, իրականացրեց մեր ժողովրդի կրթության ու լուսավորության ձգտումներն ու երազանքները: