14.10.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ «ERASMUS+»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ  «ERASMUS+»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ
«Erasmus+» տեղեկատվական օրերի շրջանակում այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել ԵՊՀ-ում իրականացվող «Erasmus+» գործողություն 1՝ «Կրեդիտային շարժունություն» և «Erasmus+» գործողություն 2՝ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի ներկայացումը:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկայացվեցին «ABIONET», «DOCMEN», «GEOTAK», «DPPHSS», «PRINTEL», «ARMDOCT», «PROMIG», «TOPAS» և «KA1 IGM» միջազգային ծրագրերը, դրանց առջև դրված խնդիրները, գրանցված արդյունքները և հետագա անելիքները:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի  էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը խոսեց գիտության և տեխնոլոգիաների նորամուծությունների «ABIONET» նախագծի մասին:

 

«Ծրագրի շրջանակում իրականացվել են և՛ ազգային տարրեր, և՛ միջազգային համագործակցություն պարունակող նախագծեր: Նախագծի հիմնաքարերն են կրթությունը, ձեռներեցությունն ու նորարարությունը»,- ասաց Լուսինե Համբարյանը և հավելեց, որ նախատեսում են ամբիոնում շարունակել նախագծի շրջանակում կատարած հետազոտություններն ու լաբորատոր աշխատանքները:

 

 Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանն էլ անդրադարձավ «DOCMEN» նախագծին. «Միկրոէլեկտորինիկայի ոլորտը, որը «DOCMEN» նախագծի հիմնական ուղղությունն էր, թույլ է զարգացած ԽՍՀՄ նախկին երկրներում, ուստի այս ծրագիրը շատ կարևոր էր մեզ համար: ԵՄ երկրները նույնպես խնդիրներ ունեն, որովհետև տվյալ բնագավառում բավականին հետ են ԱՄՆ-ից ու Ճապոնիայից: Այս առումով օրինակելի են Իսրայելի գիտահետազոտական կենտրոններն ու բուհերը, որոնք մեծ քայլերով առաջ են շարժվում և որոնց հետ պետք է զարգացնել կապերը»:

 

 

ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի առաջատար մասնագետ, ծրագրի ազգային համակարգող Մարի Սանթուրջյանը մանրամասնեց «PRINTEL» նախագծում գրանցած արդյունքները:

«ԵՊՀ-ի կողմից համակարգվող «PRINTEL» նախագծի կարևոր ուղղություններից էր համագործակցող համալսարանների դասախոսական կազմի կատարելագործման կենտրոնների վերազինումը կամ նոր կենտրոնների ստեղծումը: Ծրագրի շրջանակում շուրջ 4.500 դասախոս վերապատրաստվեց, որից 1.100 համալսարանական են, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է»,- ասաց Մարի Սանթուրջյանը և ավելացրեց, որ նախատեսվում է ծրագիրը շարունակել, քանի որ և՛ ԵՄ երկրների, և՛ գործընկեր երկրների կողմից շատ դրական արձագանքներ են եղել:

 

Նենսի Մկրտչյանը, որը «Erasmus» ուսանողական ցանցի Երևանի թիմի ղեկավարն է, նշեց, որ երիտասարդական կառույցի հիմնական նպատակն է աջակցել «Erasmus+» ծրագրերով ՀՀ-ում գտնվող օտարերկրյա  ուսանողներին, ինչպես նաև Եվրոպայից վերադարձած հայ երիտասարդերին՝ զարգացնելու ձեռք բերած հմտությունները:

 

«Մենք նաև Հայաստանի ուսանողների ձայնն ենք ԵՄ-ում: Եվրոպական ուսանողական ընտանիքին, որի մասն են կազմում նաև մեր տարածաշրջանի երկրները՝ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, շուտով կմիանանք նաև մենք: Այդ նպատակով առաջիկայում նախատեսում ենք այցելել Բրյուսել և հաստատել մեր պատրաստակամությունը միանալու երիտասարդական միջազգային ցանցին: Հուսանք, որ մեր հայտը կհաստատվի և մենք կդառնանք կառույցին միացած 43-րդ երկիրը»,- նշեց Նենսի Մկրտչյանը:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՏԱՌ ՂՓՉԱՂԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի հիմնահարցերին:
ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՊԱՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի, ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Միգրացիայի և ապաքաղաքացիության հետ կապված միջազգային և ներպետական հիմնախնդիրները» խորագրով սեմինար-քննարկում: