31.03.2018 | 
Մշակույթ
«Ս. ԶԱՏԿԻՆ ՄԻՇՏ ԲԱԽՏ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ԵՎ ՈՎ ՑԵՐԵԿԸ ՔՆԻ, ԿԶՐԿՎԻ ԻՐ ԲԱԺԻՆ ԲԱԽՏԻՑ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ
«Ս. ԶԱՏԿԻՆ ՄԻՇՏ ԲԱԽՏ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ԵՎ ՈՎ ՑԵՐԵԿԸ ՔՆԻ, ԿԶՐԿՎԻ ԻՐ ԲԱԺԻՆ ԲԱԽՏԻՑ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ
Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կնշի ապրիլի 1-ին: Ի թիվս այլ Տաղավար տոների՝ (Պայծառակերպության տոն կամ Վարդավառ, Սբ. Աստվածածնի ննջման և վերափոխման տոն, Խաչվերաց) Ս. Զատիկը նույնպես շարժական տոն է և միշտ նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Ըստ այդմ, այն տեղաշարժվում է մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Ս. Զատկի խորհրդի և ավանդույթների մասին զրուցեցինք ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մկրտչյանի հետ:

 

- Պարո՛ն Մկրտչյան, հայ քրիստոնյայի համար ի՞նչ խորհուրդ ունի Ս. Զատիկը:

- Զատիկը կամ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը հայոց տաղավար տոներից է: Հարություն անվանումն Աստծո որդու հետ կատարված հրաշալի իրադարձության ուղղակի արտահայտությունն է: Ինչ վերաբերում է «զատիկ» բառին, ապա դրա շուրջ գոյություն ունեն տարբեր մեկնաբանություններ: Որոշ ուսումնասիրողներ նմանություն են տեսնում հրեական Պասեք տոնի հետ:  Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ Հին կտակարանում գործածվող «պասեքը» թարգմանվել է «զատիկ»՝ «զատնուլ» բառից, որը նշանակում է բաժանվել: Ինչպես հրեաների համար Պասեք տոնը Եգիպտոսի լծից դուրս գալու՝ ելքի, այնպես էլ քրիստոնյաների համար Հիսուսի չարչարանքների գնով հարությունը սատանայի իշխանությունից փրկվելու և երկնքի արքայությանն արժանանալու հիշատակն է: Մ. արքեպիսկոպոս Օրմանյանն, ընդունելով վերոհիշյալ իմաստը, Զատկի մեջ տեսնում է գարնանային գիշերահավասարին նվիրված և հեթանոսական ժամանակներից մնացած տոնի ակնարկ, որը կատարվել է եղանակների զատվելու ժամանակ:

 

Զատիկ բառը կենցաղում ունի նաև տոն և ուրախություն իմաստը: Ժողովուրդը Հիսուսի Ծննդյան և Հարության տոները հաճախ տարբերակել է Փոքր Զատիկ և Մեծ Զատիկ անվանումներով: Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության հետ  կապված այս տոնը շատ խորն արմատներ ունի: Այն նախատիպեր է ունեցել հեթանոսական ծեսերում, որոնք առնչվել են բնության և կյանքի հարության, զարթոնքի գաղափարներին: Քրիստոնեական Զատիկը սկզբնական շրջանում տոնվել է հրեական Պասեքի օրը: Նիկիայի Ա. տիեզերական ժողովում որոշում է ընդունվել Զատիկն առանձնացնել հրեական Պասեքից: Այն՝ որպես շարժական տոն, նշել գարնանային օրահավասարին և գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը:

 

- Ս. Զատիկը նշելու ինչպիսի՞ավանդույթներ կան:


- Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի Սուրբ Պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած, յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

 

Բուն զատկական Կիրակի օրը եկեղեցիներում կատարվում է ժամերգություն և մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ, որը նվիրված է Հիսուսի հարությանը:  Յուրաքանչյուրը մոմ է վառում և ձու է ուտում՝ դրանով հրաժեշտ տալով երկարատև պահքին: Պասը լուծելու ծեսը կոչվում է նաև «թաթախում», իսկ կատարման ժամանակը՝ «թաթախման գիշեր»: Շատ տարիներ առաջ` պատարագի ընթացքում, գավիթներում կանգնած մարդիկ մաղերը պահում էին երեսներին և դրանց միջոցով նայում արեգակին՝ հավատալով, որ կտեսնեն հարություն առած Քրիստոսին: Իսկ շաբաթ մայրամուտին երդիկից իջեցնում էին Մեծ պասի յոթ շաբաթները խորհրդանշող Ակլատիզը՝ վերջին փետուրով: Կիրակի առավոտյան  կատարվում էր Զատկի գլխավոր մատաղի հանդիսությունը, որը հայտնի էր «ախառ» կամ «ախար» անունով: Մատաղացուն սովորաբար եզ էր, արջառ կամ երինջ, որոնք գնվում էին գյուղի կամ քաղաքի կամավոր հավաքած դրամով: Մորթում էին եկեղեցու գավիթում կամ դռան մոտ, ուր պատարագից հետո յուրաքանչյուրը ստանում էր իր բաժինը: Այսօր Ս. Զատկի տոնը խորհրդանշող որոշ ավանդույթներ են պահպանվել:

 

Զատկի տոնին տարածված էին և այժմ էլ իրականացվում են ուխտագնացությունները: Ճիշտ է, յուրաքանչյուր բնակավայր ունի իր տեղական սրբատեղին, սակայն Զատկի դեպքում գերկայում էին համազգային նշանակության ուխտատեղիները: Զատկի գլխավոր բաղադրիչներից են շնորհավորական փոխայցելությունները, որոնք սկսվում են ժամերգության ավարտից,  մատաղի հանդիսությունից և քահանայի կողմից ծխերն օրհնելուց հետո:

 

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն հիմնականում ներկում են կարմիր սոխի կճեպով: Ներկված ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի. դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե ինչպես ողջ աշխարհը գնվեց Քրիստոսի արյունով»:

 

Ձուն՝ որպես նոր կյանքի խորհրդանիշ, առնչվում է գարնան, բնության զարթոնքն արտացոլող հավատալիքներին: Մեծ տարածում ունեին ձվախաղերի տասնյակ ձևերը, սակայն ամենատարածվածը ձուկոտրոցին էր, որն այսօր էլ պահպանվել է:

Ներկված  հավկիթներով հավկթախաղ է սկսվում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում։ Նաև ընդունված ավանդույթ է Զատկի հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

 

Զատկի տոնական սեղանն այլ ուտեստների հետ միասին զարդարում են ձուկն ու գինին: Նախկինում Զատկի տոնին տարածված էր պատրաստել ածիկ, եղինջապուր, թանապուր, փիփերթով ապուր, չորաթան, տապակած բանջար, չամիչով և բրնձով փլավ, գաթա, կաթնահունց և այլն: Այսօր Ս. Զատկի տոնին վերոնշյալ ուտեստներից պատրաստվում են ընդամենը որոշները՝ ձուն, ձուկը, չամիչով փլավը, տապակած բանջարը և գաթան:

 

Զատիկն առանձնանում էր նաև ավանդազրույցների, ասացվածքների, առածների և հանելուկների բավականին հարուստ մշակույթով: Ուշագրավ է, որ նախկինում մարդիկ հավատում էին, որ Զատկին միշտ բախտ են բաժանում, և ով ցերեկը քնի, կզրկվի իր բաժին բախտից: Հավատում էին, որ այդ օրը ծնված երեխան իմաստուն է լինելու և եղունգին նայելով կարող է գուշակություն անել:  Անցյալում Զատիկն աչքի էր ընկնում ծիսական հատուկ երգերով և պարերով, որոնք հետագայում գրեթե մոռացության մատնվեցին: 

 

Զատկից և տաղավար մեծ տոնից հետո մեռելոց է: Այդ օրը պատարագ է մատուցվում ննջեցյալների համար, իսկ վերջում կատարվում է հատուկ հոգեհանգստյան արարողություն:  Զատկի օրը գերեզմանատուն այցելելը սխալ է, քանի որ այն ուրախության տոն է:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: