12.03.2018 | 
Հասարակություն
ԱՐԱԲԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՊԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՄԷ-ՈՒՄ
ԱՐԱԲԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՊԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՄԷ-ՈՒՄ
ԵՊՀ արաբագետների խումբը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում եղել է Շարժա քաղաքում և այցելել տեղի համալսարան:

Մարտի 6-ին ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Շարժայի ՈԻԽ անդամների հետ։ Հանդիպման ընթացքում հայ ուսանողները ծանոթացան Շարժայի համալսարանի որոշ ծրագրերի, պատմեցին  Հայաստանի, Երևանի և ԱՄԷ-ից ստացած իրենց տպավորությունների մասին, խոսեցին արաբերենի բարբառներից և հայերենի յուրահատկությունից։

 

Հաջորդ օրը՝ մարտի 7-ին, Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Շարժայի համալսարանի բանասիրության, հումանիտար գիտությունների և սոցիոլոգիայի ֆակուլտետներում։ Սոցիոլոգիայի ֆակուլտետում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպեց դեկան, դոկտոր Հուսեյն ալ-Օսմանին և փոխդեկան, պրոֆեսոր Խալիլ ալ-Մայդանին, որի ընթացքում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և դոկտոր Հուսեյն ալ-Օսմանը քննարկեցին համագործակցության զարգացման հնարավորությունները, ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները։

 

 

Հյուրընկալությունից հետո հայ ուսանողները մասնակցեցին Արաբական գրականության բաժնում կազմակերպված դասախոսությանը՝ նվիրված Աբու ալ-Տայյիբ ալ-Մութանաբբի պոեզիային։

 

Մարտի 7-ին ԱՄԷ կատարած ճանաչողական այցի շրջանակում արաբագետների խումբը կրկին ժամանեց մայրաքաղաք Աբու Դաբի, որտեղ հանդիպեց հանդուրժողականության նախարար, շեյխ Նահյան բեն Մուբարաք Ալ-Նահյանին։ Հանդիպումը տեղի ունեցավ վերջինիս նստավայրում, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Ուսանողները նախարարին պատմեցին այն վառ տպավորությունների մասին, որ ստացել էին նախօրեին կայացած գիտաժողովի ընթացքում: Խոսեցին վերջինիս ազդեցիկ ելույթից, ինչպես նաև երկրում տիրող անվտանգության մթնոլորտի, էթնոմշակութային և կրոնական բազմազանությունից:

 

Նախարար Ալ-Նահյանն իր հերթին բարձր գնահատեց ուսանողների արաբերենի իմացությունը և վերջիններիս գիտելիքներն արաբական մշակույթի ու արաբ ժողովրդի պատմության մասին։

 

Հանդիպման ավարտին ԵՊՀ պատվիրակությունն այցելեց Բեն Զայիդի նշանավոր մզկիթ, որի յուրահատկությունը պայմանավորված է ոչ միայն վերջինիս մեծությամբ և շքեղությամբ, այլև արաբական և իսլամական մշակույթին հատուկ նուրբ փորաքանդակներով և խորհրդանշական մանրանկարներով։

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։