03.10.2018 | 
Քաղաքականություն
ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՕՊՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՌԱՖԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԸՆՏՐՎԵՑ ՕՊՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՌԱՖԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Այսօր Ֆիզիկայի ֆակուլտետում կայացավ գիտական խորհրդի նիստը, որի օրակարգում դեկանի ընտրության հարցն էր:

Ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար Օպտիկայի ամբիոնն առաջադրել է Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, օպտիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ասլանյանին, Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնն առաջադրել է նույն ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդանյանին, իսկ Օպտիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը ինքնաառաջադրվել է:

 

Նիստը նախագահում էր Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ատոմ Մուրադյանը:

 

Նիստին ներկա էր  ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ով Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանին շնորհակալություն հայտնեց երկարատև գործունեության համար: 

 

Մինչ ընտրություններին անցնելը թեկնածուները նախ ներկայացրին իրենց ծրագրերը՝ խոսելով ֆակուլտետում առկա ամենակարևոր խնդիրների մասին և առաջարկեցին դրանց լուծման տարբերակները:

 

Առաջինը ելույթն ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, օպտիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ասլանյանը: Լ. Ասլանյանը ներկայացրեց ֆակուլտետի անցած ուղին:

 

Նրա խոսքով, ֆակուլտետի լավագույն ավանդույթները վերականգնելու համար անհրաժեշտ է Ուսանողական խորհրդի, ՈՒԳԸ-ի և դեկանատի աշխատանքների կոորդինացում:

 

«Պետք է ընդարձակել ՈՒԳԸ-ի աշխատանքները՝ ներգրավվելով դպրոցների աշակերտներին, ինչպես նաև կազմակերպել միասնական ուսանողական և աշակերտական գիտահանրամատչելի գիտաժողովներ»,- ասաց նա:

 

Նրա խոսքով, ֆակուլտետի միջազգային համագործակցությունը նույնպես լայն աշխարհագրություն ունի, սակայն այդ համագործակցությունը հիմնականում սահմանափակվում է գիտական հետազոտություններով: 

 

«Ֆակուլտետի և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատանքները պետք է նպատակաուղղված լինեն միջազգայնացմանը՝ հարևան և հեռավոր երկրների ուսանողներին ներգրավելու միջոցով: Այս ուղղությամբ, ցավոք սրտի, դեռևս աշխատանքներն անբավարար են»,-նկատեց նա:

 

Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արշակ Վարդանյանը ներկայացնելով իր ծրագրային ելույթը՝ նշեց, որ գիտական արտադրանքի առումով Ֆիզիկայի ֆակուլտետը մնում է ԵՊՀ ամենահզոր գիտակրթական միավորը. «Ֆիզիկան բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հենքն է: Պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժության  և համակարգչային մոդելավորման օգտագործման շնորհիվ դեռևս պահպանում է հիմնարար գիտելիքի մատուցման հնարավորությունը»:

 

Ըստ Արշակ Վարդանյանի՝ առաջնահերթ խնդիր է ֆակուլտետի ուսումնատեխնիկական բազայի նորացումը: «Հաշվի առնելով ֆիզիկայի զարգացման բարձր տեմպը՝ պետք է մշտապես դիտարկել «Ֆիզիկա» մասնագիտության հետ զուգընթաց ֆիզիկայի հենքի վրա դինամիկ զարգացող նոր մասնագիտություններով ուսուցման կազմակերպման նպատակահարմարությունը»,- հավելեց նա և նշեց, որ հիմնարար գիտելիքի խորացված և բարձրակարգ մատուցումը կարող է ապահովել օտարերկրյա դիմորդների հոսք դեպի  Ֆիզիկայի ֆակուլտետ:

 

Օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանն ողջունեց գործընկերներին և մինչ նախընտրական ծրագիրը ներկայացնելը պարզաբանեց ֆակուլտետի դեկանի պաշտոնին հավակնելու իր որոշումը:

 

«Պետք է խոստովանել, որ վերջին շրջանում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ֆակուլտետի հեղինակությունը որոշակի անկում է ապրել: Այսօր ֆակուլտետը չունի այն երբեմնի հեղինակությունը: Խոշոր բացթողումներից են «Կիրառական մաթեմատիկա» և «Ֆիզիկա» բաժինների լիկվիդացումը»,- ասաց նա և հավելեց, որ ընտրվելու դեպքում հնարավորության սահմաններում պատրաստվում է անել ամեն ինչ ֆակուլտետի կրթական և գիտական խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Ըստ Ռաֆիկ Հակոբյանի՝ ֆակուլտետում իրականացվող բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի բովանդակությունն անհրաժեշտ է համապատասխանացնել աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին և մրցունակությանը. «Ուսուցման պրոցեսին պետք է տալ նորարական բնույթ, բարձրացնել ուսանողների նորարական ունակությունները, օգտագործել աշխարհի առաջատար բուհերի բազմամյա փորձը»:

 

Բանախոսի կարծիքով, Ֆիզիկայի ֆակուլտետի ուսխորհրդի կամ այլ ուսանողական խմբերի հետ պետք է հաճախակի քննարկել կրթական ոլորտին առնչվող խնդիրները և դրանց լուծման հետ կապված իրենց պատկերացումները. «Տոկոսային առումով պետք է բարձրացնել նաև Ֆիզիկայի ֆակուլտետի ուսում­­նական լաբորատորիաներում կատարվող գիտահետազոտական ուսումնասիրությունների քանակը»:

 

Ռաֆիկ Հակոբյանի խոսքով, պետք է ակտիվացնել ուսումնական ձեռնարկների, ինչպես նաև դասընթացնե­րի դասախոսությունների տպագրության երաշխավորումները՝ մեծ տեղ հատկացնելով էլեկտրոնային դասագրքերին:

 

«Անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել ֆակուլտետում նորարարական լաբորատորիաներ ստեղծելու համար: Պետք է լրջորեն զբաղվել հետազոտական համալսարան ունենալու ուղղությամբ»,- ասաց նա:

 

Փակ ու գաղտնի քվեարկությամբ 18 կողմ ձայնով դեկան ընտրվեց Օպտիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը:

 

Նշենք, որ գիտական խորհրդի նիստին ներկա էր 31 անդամ, որից 18-ը քվեարկել են Ռաֆիկ Հակոբյանի օգտին, 6-ը՝ Լևոն Ասլանյանի, 4-ն էլ՝ Արշակ Վարդանյանի: Երկու ձայն ճանաչվել է անվավեր, արձանագրվել է նաև 1 դեմ բոլոր թեկնածուներին:    

 

Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

Այլ նորություններ
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող «Մասնագիտական կողմնորոշման օր» ծրագրի շրջանակում այսօր Երևանի N 170 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները Մայր բուհի կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելեցին ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ: