19.11.2014 | 
Քաղաքականություն
ԳՈՐԾԱՏՈՒՆ ՈՒ ԲՈՒՀԸ՝ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԳՈՐԾԱՏՈՒՆ ՈՒ ԲՈՒՀԸ՝ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» աշխատանքի տոնավաճառի շրջանակներում ԵՊՀ-ում անցկացվեց հանրապետական կլոր սեղան-քննարկում:

«ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով կլոր սեղանին մասնակցում էին մի շարք ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար միությունների պատասխանատու անձինք, պետական այրեր և նշված ոլորտում մասնագիտացած փորձագետներ: Նրանց մի մասը եկել էին տոնավաճառում իրենց ապագա աշխատակիցներին գտնելու ակնկալիքով:

 

«Թեպետ երկար տարիներ է՝ աշխատում ենք իրար մոտեցնել բուհն ու աշխատաշուկան, բայց մինչև հիմա էլ կա երկուստեք դժգոհություն. գործատուները դժգոհ են, որ բուհերը չեն կարողանում իրենց կրթական ծրագրերը համապատասխանեցնել շուկայի պահանջներին, բուհերն էլ դժգոհում են, որ գործարար աշխարհը քիչ ուշադրություն է դարձնում համալսարաններին, մասնակից չէ կրթական ծրագրերի ստեղծման ու իրականացման գործընթացին»,- կարծում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և հավելում, որ ժամանակն է դժգոհությունները մի կողմ դնել և համատեղ աշխատել:

 

Կլոր սեղան-քննարկմանը նախատեսված էին զեկույցներ, որոնցով ամբողջանում էին այսօրվա աշխատաշուկայի, բուհերի և գործազուրկների փոխհարաբերությունները: Դրանք վերաբերում էին աշխատաշուկայում երիտասարդների խնդիրներին, մասնագիտական կողմնորոշմանն ու կարիերայի կառավարման համակարգի զարգացմանը, ձեռնարկությունների հետ բուհերի համագործակցությանը և այլն:

 

«Այսօր ամբողջ աշխարհում շրջանառության մեջ է դրվել մի նոր եզրույթ` ուսանողների զբաղվածունակություն: Դա ուսանողի կամ շրջանավարտի սկզբնական աշխատանք ձեռք բերելու և հետագայում աշխատաշուկայում տեղաշարժվելու ունակությունն է: Այսօր բուհի դերն էլ է փոքր-ինչ փոխվել. այն պետք է ոչ միայն խորը մասնագիտական գիտելիքներ տա, այլև օժտի զբաղվածունակության ընդհանուր հմտություններով,- ասում է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը և հավելում,- իսկ գործատուների համար սա լավ հնարավորություն է մասնագետներին ճանաչելու դեռ ուսանողական տարիներից»:

 

Կլոր սեղան-քննարկման ընթացքում առանձին զեկույցով ներկայացվեց նաև ԵՊՀ՝ ձեռնարկությունների հետ համագործակցության ուղղությամբ իրականացվող ռազմավարությունը: ԵՊՀ շրջանավարտների, ուսանողների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը խոսեց բուհի այն ստորաբաժանումների մասին, որոնք ապահովում են այդ համագործակցությունը, ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունն այդ գործընթացում, ներկայացրեց նաև մինչ այժմ գրանցած արդյունքները:

 

«Cap4Com ծրագրի շրջանակներում մենք մշակում ենք ձեռնարկությունների հետ համագործակցության պորտալ, որը բաղկացած է մի քանի փոխկապակցված և փոխլրացնող համակարգերից: Այնտեղ կլինեն նաև դասընթացների, պրակտիկաների և աշխատանքի մասին հայտարարություններ: Շարունակելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման թեման` նշեմ, որ մենք մեր շուրջ 19.000 ուսանողներին տրամադրում ենք համալսարանական էլ. փոստի հասցեներ, որոնք նրանք կպահպանեն նաև համալսարանը ավարտելուց հետո, ինչը ապագայում կլինի շրջանավարտ-համալսարան կապի ապահովման արդյունավետ գործիք: Կարևոր աշխատանքներ են տարվում ԵՄ «Տեմպուս» ծրագրի «Hen Gear» նախագծի շրջանակներում: Ստեղծվել է շրջանավարտների զբաղվածության պորտալ, որտեղ գրանցված շրջանավարտների տվյալները հասանելի կլինեն գործատուներին»,- նշեց պարոն Մարկոսյանը:

 

Կլոր սեղան-քննարկման ընթացքում տեղի ունեցավ նաև բուռն քննարկում, կարծիքների ու փորձի փոխանակում, ինչը, մասնակիցների համոզմամբ, կծառայի հետագայում գործատուների և բուհերի միջև սերտ համագործակցության ապահովմանը: 

Այլ նորություններ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ-ի և «Նատֆուդ» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՈԻՄՆ Է
Դեկտեմբերի 26-ին ԵՊՀ էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի պատվիրակությունը: