21.05.2019 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլը, որը մեկնարկել էր մայիսի 6-ին, ավարտվելու է հունիսի 1-ին: Մայիսի 20-ի դրությամբ ԵՊՀ-ում հայտագրվել է 1656 դիմորդ:

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի բակալավրիատում ընդունելություն է կատարվում 53 կրթական ծրագրի ուղղությամբ:

Դիմորդների ընդունելությունն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանն ասաց, որ նախորդ տարիների, մասնավորապես 2017 թ. ընդունելության արդյունքների համեմատ՝ պատկերը գոհացուցիչ է. «Մայիսի 20-ի դրությամբ ամենաշատ հայտագրումներ եղել են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում, իսկ Կրոնագիտության,  Սոցիոլոգիայի, Մեխանիկայի, Անգլերեն լեզու, իտալերեն լեզու և հաղորդակցության կրթական ծրագրերում սովորելու համար հայտ ներկայացրած դիմորդների թիվը չի գերազանցում հինգը»:

ysu.am-ը զրուցեց դիմորդների հետ՝ պարզելու նրանց սպասելիքներն ու կանխատեսումները:



Նրանցից Էլիզաբեթ Թովմասյանը շուտով ավարտելու է Երևանի թիվ 127 դպրոցը:

Էլիզաբեթը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդ է.

«Մեծ ակնկալիքով եմ դիմում և վստահ եմ, որ շուտով իրականանալու է իմ նպատակներից մեկը՝ լինել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի»:

Իրավագիտության ֆակուլտետի դիմորդ Տիգրան Ղուբաթյանին ուղեկցում է մայրը՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Թերեզա Պապիկյանը. «ԵՊՀ-ն միշտ առաջատար է եղել՝ պատրաստելով ոլորտի լավագույն մասնագետներին, ես ցանկանում եմ, որ որդիս ևս լինի նրանցից մեկը»:

Արթիկից Արման Հակոբյանն էլ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դիմորդ է:

ԵՊՀ-ի՝ իր ընտրությունը պայմանավորում է հանրապետությունում բուհի առաջինը լինելով:

Հիշեցնենք, որ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 9:30-ից 18:00-ն:

Իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (առանց հանգստյան օրերի):

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: