17.09.2007 | 
Կրթություն
ՊՈՐՏՈՒԳԱԼԵՐԵՆԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
ՊՈՐՏՈՒԳԱԼԵՐԵՆԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները որպես երկրորդ օտար լեզու այսուհետ կարող են ուսումնասիրել Բրազիլիայի պետական լեզուն` պորտուգալերենը:

Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան եւ Երեւանի պետական համալսարանի ջանքերով այսօր բացված պորտուգալերենի հատուկ լսարանում ուսանողները ոչ միայն ուսումնասիրելու են այդ լեզուն, այլեւ ծանոթանալու են Բրազիլիայի պատմությանը, գրականությանը եւ մշակույթին: 

Մի քանի տարի առաջ ԵՊՀ-ում պորտուգալերեն դասավանդելու փորձ է կատարվել, բայց մասնագետների բացակայության պատճառով մտահղացումը չի իրականացվել: Այս տարի Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան ջանքերով ընտրել են մի երիտասարդ դասախոսի` Դանիելա Կապիլեին, ով պորտուգալերեն է դասավանդել իր հայրենի երկրում: Ուստի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը համոզված է, որ այս անգամ ծրագիրը հաջողություն կունենա. մասնագետի բացակայության խնդիր այլեւս չկա, բացի այդ հարցերը լուծվում են արդեն պետական մակարդակով :

Բրազիլիան համարվում է արագ տեմպերով զարգացող պետություն, որը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կարծիքով, վաղուց արդեն դադարել է ընկալվել որպես միայն ֆուտբոլի եւ պարահանդեսների երկիր:

«Մեր պետությունը հետաքրքրված է Բրազիլիայի հետ բազմակողմանի կապերի հաստատմամբ,եւ համալսարանն անմասն չի մնում դրանից»,- ասաց նա լսարանի բացման արարողության ժամանակ: Ռեկտորի խոսքերով` համագործակցությունն ունենալու է շարունակություն, եւ չի բացառվում բրազիլական մշակույթի կենտրոնի ստեղծումը, որտեղ առավել խորությամբ կուսումնասիրվի Բրազիլիայի հզոր քաղաքակրթությունը:

Արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի ներկայությունը եւս փաստում էր, որ այսպիսի նախաձեռնությունների իրականացումը հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման կարեւոր բաղադրիչներից է:

Բրազիլիայի դեսպանատունը հետեւելու է, որ ԵՊՀ-ում պորտուգալերենի դասընթացների անցկացումը դրվի բարձր հիմքերի վրա: Ինչպես հայտնեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ռենատա Ստիլեն, իրենց աջակցությունը շարունակական է լինելու:

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի, ԵՊՀ մինչհամալսարանական վարչության և «Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության համագործակցությամբ նոյեմբերի 19-22-ն անցկացվել է «Արտահայտվելու ազատություն» խորագրով միջոցառումների շարքը:
«ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՄՏԱԾԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այսօր այցելել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։