18.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՍԻՐՈՂ ԸՆՏԱՆԻՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՍԻՐՈՂ ԸՆՏԱՆԻՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացվեց «Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ֆակուլտետի ուսանողները ներկայացրին իրենց նկարած ընտանեկան լուսանկարները՝ վիզուալիզացնելով իրենց պատկերացումները ընտանիքի, այնտեղ տիրող սիրո, ջերմության և հոգատարության մասին։

ԵՊՀ սոցիոլագիայի ֆակուլտետի ՈՒԽ-ի և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի նպատակն էր ևս մեկ անգամ շեշտադրել ընտանիքի կարևորությունը և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը:

 

ԵՊՀ դասախոս «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում» ծրագրի շահերի պաշտպանության և հաղորդակցության մասնագետ, Լիանա Մկրտչյանն իր խոսքում նշեց. «Մեկտեղելով ֆակուլտետի և ցուցահանդեսի համակազմակերպիչների ջանքերը՝ կազմակերպեցինք այս ցուցահանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորելու ընտանիքի դերը հասարակության և հատկապես երեխայի կյանքում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ընտանիքների ամրապնդմանը: Մեզ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են ժամանակակից ուսանողները տեսնում ընտանիքի պատկերը»:

 

 

Ծրագրի համակարգող Լիլիթ Մարտիրոսյանը, անդրադառնալով ԵՊՀ-ում անցկացվող ցուցահանդեսին, նշեց. «Ես ինքս ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ եմ: Շատ կարևոր է, որ Ընտանիքի միջազգային օրվա շրջանակում կազմակերպված միջոցառումն իրականացնում ենք հենց այս ֆակուլտետում, որովհետև այն մասնագետները, որ հետո դաշտ են մտնելու, աշխատելու են ընտանիքների հետ և առավելապես դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ու ընտանիքների հետ, գիտելիքներ ձեռք են բերում հենց այս ֆակուլտետում, և վստահ կարող եմ ասել, որ ֆակուլտետը տալիս է այդ գիտելիքները»:

 

 

Ֆակուլտետի ՈԻԽ նախագահ Ն. Օհանեսյանը, խոսելով ցուցահանդեսի և համագործակցության կարևորությունից, ընդգծեց. «Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 25 նկար, որոնք հիմնականում նկարել են ֆակուլտետի ուսանողները: ԵՊՀ-ում անցկացվող այսպիսի ցուցահանդեսները ուսանողների կյանքում շատ մեծ դեր ունեն: Բացի դրանից՝ այսօրինակ համագործակցությունները ուսանողներին հնարավորություն են ընձեռում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփվելու, ինչը նաև կարող է հետագայում օգնել աշխատանք գտնելու հարցում»:

 

 

Ֆակուլտետի ուսանող, ցուցահանդեսի մասնակից Լենա Միրզոյանը, խոսելով ցուցահանդեսին իր մասնակցությունից և նկարների ընտրությունից, նշեց. «ԵՊՀ ընդունվելու առաջին իսկ օրից փորձել եմ հայ հասարակությանն այլ տեսանկյունից ներկայացնել իմ՝ եզդիական համայնքը: Այս ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն էր ցույց տալու, որ եզդիական համայնքի ընտանիքներում նույնպես կան ջերմություն, խաղաղություն, և որ եզդիական համայնքի ընտանիքներում կինը կարող է գնալ աշխատանքի: Իմ նկարներում նաև ցույց եմ տվել, որ ընտանիքը կարող է միասնաբար հաղթահարել դժվարությունները:

 

 

Նկարների վրա գրություններ եմ թողել թե՛ եզդիերեն, թե՛ հայերեն: Այս քայլով, կարելի է ասել, նաև փորձել եմ իմ ուժերի չափով նպաստել եզդիերենի պահպանմանն ու տարածմանը, քանի որ ընտանիքներում եզդիերեն շատ քիչ են խոսում, և լեզվի ոչնչացման վտանգ կա»:

 

Ֆակուլտետի ուսանող, ցուցահանդեսի մասնակից Լուսինե Գալստյանն իր նկարներում ներկայացրել է եղբայրներին: Մեզ հետ զրույցում Լ. Գալստյանը նշեց. «Ցուցահանեսը ևս մեկ անգամ փաստում է, որ յուրաքանչյուր երեխայի համար ամենակարևորը իրեն սիրող ու երջանիկ ընտանիքում ապրելն է: Իմ նկարներում եղբայրներս են, և այնտեղ լավագույնս արտահայտված է մեր միջև եղած սերը»:

 

 

Ցուցահանդեսի վերջում կազմակերպիչների միջև կայացավ հանդիպում, որի շրջանակում քննարկվեցին ծրագրի մանրամասները:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ: