26.10.2016 | 
Մշակույթ
ԲԱՑՎԵՑ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ԲԱՑՎԵՑ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանի անհատական ցուցահանդեսը:

«Վերադարձ. 65 տարվա ընդմիջումից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ և ուրիշներ:

 

Ներկաները Գրիգոր Ղարիբյանի լուսանկարների ցուցահանդեսն անսովոր համարեցին, քանի որ հեղինակը ոչ թե պրոֆեսիոնալ նկարիչ է, այլև տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, և շատերի համար բացահայտում էր, որ նա 83 տարեկանում կարողանում է այդպես նկարել։

 

Պրոֆեսոր Ղարիբյանն արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում է գեղանկարչությամբ՝ այն համատեղելով գիտական գործունեության հետ: Նկարել սկսել է կնոջ մահից հետո (65 տարի ձեռքին վրձին չի վերցրել): Նրա լուսանկարներն առանձնանում են իրենց գույներով, խորությամբ և գեղեցկությամբ: Պարոն Ղարիբյանը նկարում է հիմնականում եկեղեցիներ, մրգեր և դաշտային ծաղիկներ, որոնք ողողված են արևով, օդով, սիրով անսահման ջերմությամբ:

 

«Հագեցած ստեղծագործություններ են, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է ընկալվում: Իր արվեստում բարդ խնդիրներ չի դրել, այլ նկարել է այն, ինչ իրեն դուր է եկել»,- ասում էին ներկաներն ու մի քանի րոպե շարունակ նայելով՝ վերլուծում լուսանկարները, ապա փորձում հենց հեղինակից ճշտել դրանց պատմությունն ու անցած ճանապարհը։

 

 

Պարոն Ղարիբյանը ցուցահանդեսը նվիրել էր երջանկահիշատակ կնոջ՝ Գայանե Բուռնազյանի հիշատակին, ով եղել է նկարիչ-տնտեսագետի ստեղծագործելու հիմնական շարժառիթը: Իր ստեղծագործությունների մասին քիչ է խոսում՝ համարելով այն իր ներքին զգացումը որոշ երևույթների նկատմամբ:

 

«Գրիգոր Ղարիբյանի մոտ խոսում է իր կյանքի ամենամեծ սերը, այն զգացումը, որ նա տածել է Գայանե Բուռնազյանի նկատմամբ: Այդ զգացումն է, որ նրան ստիպել է վրձինը ձեռքին վերցնել: 65 տարի վրձին չվերցնել և հետո ունենալ նկարելու այդ ծարավը, պետք է միայն հզոր ցնցման հետևանք լիներ. դա նրա կնոջ մահն էր: Նա վերցրել է վրձինը որպես սփոփանք, համատեղ անցկացրած տարիների մասին հիշողություն, ինչպես նաև տիկնոջ հետ մտովի երկխոսություն՝ իր արվեստի միջոցով»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Գրիգոր Ղարիբյանը վերջում իր խորին շնորհակալությունը հայտնեց Մայր բուհին. «Այն, ինչ այսօր կա, համալսարանի արդյունքն է։ Այս լուսանկարների ստեղծման հիմքում նույնպես համալսարանն է: Եվ եթե համալսարանում չձևավորվեր իմ անհատականությունն ու հանգիստ կյանքը, ապա նկարչություն չէր լինի…»:

 

Հ.Գ.: Գրիգոր Ղարիբյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Երևանի համալսարան» թերթի առաջիկա համարում:

Այլ նորություններ
«ԼՅՈՒԴՎԻԳ ԱՆՈՒՆՈՎ ՈԶՆԻՆ» ՖԻԼՄԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի գործունեության շրջանակում այսօր ֆիլմասեր համալսարանակաների համար ցուցադրվեց Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը, որից հետո ստեղծագործական անձնակազմի հետ տեղի ունեցավ քննարկում:
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Անկախության սերնդի ձայնը» ժողովածուների շնորհանդես: