14.09.2017 | 
Քաղաքականություն
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՆ
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 13-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած խորհրդակցությունը ղեկավարում էր ռեկտոր Արամ Սիմոնյանը:

2017-2018 ուստարվա գիտակրթական գործունեությանն առնչվող բազմաբնույթ խնդիրներին նվիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ԵՊՀ բոլոր ֆակուլտետների դեկանները, ամբիոնի վարիչները , գիտակրթական, վարչական ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ելույթ ունեցավ Արամ Սիմոնյանը և պրոռեկտորները:

 

ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց այն սկզբունքները, որոնք առանցքային նշանակություն ունեն բուհի զարգացման համար՝ համադրելով դրանք միջազգային փորձի հետ:

 

«Նորարարական և արիական ուղղությունների վրա շեշտադրում կատարելով՝ հարկ է առանցքային ուշադրություն դարձնել բուհում ինովացիոն և ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների ստեղծմանը: Կրթական համակարգում պետք է ներմուծել ժամանակի պահանջներին համապատասխանող և արտասահմանում լայն կիրառություն ունեցող կարճաժամկետ դասընթացների, առցանց կրթական ծրագրերի մշակույթը՝ չանտեսելով աշխատուժի որակի բարձրացման, ինչպես նաև թիրախային ֆինանսավորման հարցերը»,- նշեց Արամ Սիմոնյանը:

 

Ռեկտորը խոսեց նաև համալսարանի՝ տնտեսության իրական սեկտորի հետ  համագործակցության ակտիվացման, ուսանողների համար հանրակացարանային պայմանների ստեղծման, կրթական գործընթացի կազմակերպման և արդյունավետ կառավարման մասին՝ նախանշելով այն հիմնական հեռանկարային գիտակրթական ուղղությունները, որոնց ներդնումը ԵՊՀ կրթական համակարգում ժամանակի պահանջ է:

 

Անդրադառնալով միջազգային և տեղական գիտական հարթակներում ԵՊՀ վարկանիշի ձևավորման գործընթացի վրա ազդող սուբյեկտիվ և օբյեկտիվ պայմաններին՝ ռեկտորը նշեց. «Բուհի ռեյտինգավորմամբ զբաղվող կազմակերպությունները տարբեր մոտեցումներ ունեն, որոնց վրա կենտրոնանալն իմաստ չունի: Մի բան հստակ է՝ ԵՊՀ-ն իր փոքր բյուջեով միջազգային գիտակրթական բնագավառում ու տարածաշրջանում այսօրվա դրությամբ մեծ հեղինակություն է վայելում և առաջատարը համարվում նաև հայաստանյան բուհերի շրջանում»:

 

 

ԵՊՀ պրոռեկտորներն էլ ներկայացրին իրենց ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև զարգացման նոր դինամիկա ապահովելու հնարավոր հեռանկարները:

 

Ելույթներից հետո ռեկտորատի անդամների միջև ակտիվ քննարկում ծավալվեց, որի շրջանակում համալսարանականներն անդրադարձան ֆակուլտետների միջև բաշխվող պետական բազային ֆինանսավորման իրականացման գործընթացին, ինչպես նաև բուհում գործող մասնագիտությունների ցանկի վերանայմանը, կրթական տարբեր կառույցների միջև ոչ փոխկապակցված աշխատանքային գործընթացներում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը, պետական ֆինանսավորմանը, վարձավճարների բարձրացմանը և դրանց միջոցով բյուջեի ձևավորմանը վերաբերող մի շարք հարցերի:

 

Մասնավորապես ֆակուլտետների դեկաններն ընդգծեցին, որ բուհի ուսերին ծանրացած խնդիրներն ազգային բնույթ ունեն, և դրանց պետք է լուծում տալ ոչ միայն բուհի, այլև երկրի ղեկավարության մակարդակով:

 

 

«Այն հանգամանքը, որ, օրինակ, ֆիզիկայի բնագավառում անկում է նկատվում, ոչ միայն համալսարանի, այլև ամբողջ երկրի խնդիրն է, և այդ նույն խնդրի արձագանքն ու քայլերը նույնպես պետք է պետական մակարդակով արվեն: Ատոմակայան կամ հանքարդյունաբերություն ունեցող երկրում չի կարող չլինել ֆիզիկոսի, մաթեմատիկոսի կամ երկրաբանի պահանջ»,- հավելեց Արամ Սիմոնյանը:

 

Ռեկտորատի անդամները համաձայնության եկան նաև նմանաբնույթ հանդիպումներն ավելի պարբերական դարձնելու և կրթական ոլորտի արդի մարտահրավերները, ինչպես նաև Մայր բուհի առջև ծառացած խնդիրներն ուստարվա ընթացքում գոնե մեկ անգամ ռեկտորատի ընդլայնված կազմով քննարկելու հարցում:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՈՒ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՏՐՈՄՍՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց Նորվեգիայի արկտիկական համալսարանից (Տրոմսո) ժամանած պատվիրակությանը:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ընդունեց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը: