22.05.2008 | 
ՉԵՄՊԻՈՆԸ ԽԱՂՈՒՄ ԷՐ ՍՊԻՏԱԿՆԵՐՈՎ
ՉԵՄՊԻՈՆԸ ԽԱՂՈՒՄ ԷՐ ՍՊԻՏԱԿՆԵՐՈՎ
Տնտեսագիտության ֆակուլտետում շախմատի բլից մրցաշար անցկացվեց:
Ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած առաջնությանը մասնակցում էին 1-ից 4-րդ կուրսի 12 ուսանողներ: Նրանք բաժանվել էին 2 խմբի` 6-ական մասնակիցներով: Շրջանաձեւ մրցափուլերի արդյունքում ամեն խմբի 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված մասնակիցները դուրս եկան եզրափակիչ: Հենց առաջին փուլում ցածր արդյունքներ դրսեւորած Եղիշե Սարիբեկյանը խաղին մասնակցում էր հաճույքով ու բնավ չէր տխրում պարտության համար: «Շախմատն ամենահետաքրքիր խաղերից մեկն է, մարտավարության հրաշալի օրինակ: Քանի որ խաղում եմ ընկերներիս հետ, եւ իմ խաղից մեծ հույսեր չունեի, չեմ տխրում ցածր միավորներիս համար»,- ասաց Եղիշեն: Եզրափակչի ժամանակ դարձյալ շրջանաձեւ խաղի արդյունքում որոշվեցին առաջին 3 հաղթողները` Գուրգեն Գասպարյան, Արսեն Նագդալյան, Անդրանիկ Լալայանը: Նրանք ստացան պատվոգրեր, մեդալներ եւ նվերներ: «Հաղթողի կարգավիճակում ինձ շատ լավ եմ զգում: Բայց շատ հոգնած եմ: Վերջին խաղը բավականին լարված էր: Մինչ այդ եղած խաղընկերներս ավելի թույլ էին, ու հաղթանակները հեշտությամբ էի վաստակում:Իսկ Արսենը շատ ուժեղ խաղացող է»,- ասաց 4-րդ կուրսի ուսանող Գուրգեն Գասպարյանը, ով նաեւ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է: Գուրգենն ու Արսենը անցյալ տարվա եզրափակչի ֆավորիտներն էին: Այն ժամանակ չնչին առավելությամբ հաղթող ճանաչվեց Արսենը, իսկ այս տարի Գուրգենը ռեւանշ վերցրեց: Ի դեպ, վերջին երկու տարիների չեմպիոններն էլ խաղում էին սպիտակներով: Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ շախմատային մրցաշար անցկացվում է արդեն երկրորդ տարին: «Մասնակիցների թիվը գրեթե չի փոխվում, միշտ էլ մասնակցում են նրանք, ովքեր հետաքրքրվում են խաղով»,- ասաց նա: