Յուրաքանչյուր ֆակուլտետ նախ ամբիոնների ներսում քննարկումներ է անցկացրել՝ գնահատելով ամբիոնի աշխատանքները, այնուհետև դեկանները գիտխորհրդի նիստում տարեկան կտրվածքով ներկայացրել են ֆակուլտետի գործունեությունը:
Ֆակուլտետների դեկանները որոշակի տվյալներով ներկայացրել են նախորդ ուստարվա ընդհանուր նկարագիրը, անդրադարձել են նաև ուսումնական և գիտական գործունեությանը՝ նշելով ոչ միայն ձեռքբերումները, այլև բացթողումները:
Ֆակուլտետային գիտխորհրդի անդամներն էլ գնահատել են դեկանի և ֆակուլտետի աշխատանքները, հանդես եկել կոնկրետ առաջարկություններով և բարձրացրել ֆակուլտետում կամ ամբիոններում առկա խնդիրները:
Տարեվերջյան նիստերին մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Վերջիններս անդրադարձել են ֆակուլտետների գործունեության ընդհանուր գնահատականին ու պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության բարձրաձայնած խնդիրներին, ինչպես նաև բավականին հանգամանալից կերպով պատասխանել ֆակուլտետների գիտխորհրդի անդամների հարցերին:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ բոլոր ֆակուլտետների գիտխորհրդի նիստերում դեկանների ներկայացրած հաշվետվությունները գնահատվել են բավարար:
Նշենք նաև, որ բոլոր ֆակուլտետների ամփոփիչ նիստերից հետո քննարկումների արդյունքները և հնչեցված առաջարկները քննարկվում են ԵՊՀ ղեկավարության կողմից: