14.02.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՌՈՄԱՆԱԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԱՆՎԱՆԱՓՈԽՎԻ
ԵՊՀ ՌՈՄԱՆԱԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԱՆՎԱՆԱՓՈԽՎԻ
Այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 6 և ընթացիկ հարցերով:

Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդի անդամներին պատմեց Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին և նշեց, որ տոնակատարությունները բավականին լավ էին կազմակերպվել, որոնցից կարելի է հետևություններ անել Մայր բուհի 100-ամյակին ընդառաջ:

 

Գիտխորհրդի կազմը, հաստատելով 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույցը, քննարկեց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը անվանափոխելու հարցը:

 

Ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը նշեց, որ ֆակուլտետի գիտխորհուրդը քննարկել է հարցը և մեծամասնության համաձայնությամբ որոշվել է անվանափոխել ֆակուլտետը. «Հաշվի առնելով շուկայական ժամանակակից պահանջները, ինչպես նաև ծրագրային փոփոխությունները՝ ցանկանում ենք ֆակուլտետը վերանվանել Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետ, որտեղ շեշտը դնելու ենք պրակտիկ ուսուցման վրա: Երկու օտար լեզուներ արդեն ուսուցանվելու են հավասարապես»:

 

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեցին ԵՊՀ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման, ինչպես նաև մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգերում լրացումներ անելու մասին հարցերը:

 

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը փաստեց, որ լրացումները պայմանավորված են ՀՀ կրթության և գիտության կողմից ընդունված ամփոփիչ ատեստավորման նոր կարգով. «Լրացումների համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի այն անդամները իրավունք կունենան գնահատելու, ովքեր սկզբից մինչև վերջ ներկա են եղել տվյալ ուսանողի ավարտական աշխատանքի պաշտպանությանը»:

 

«Ավարտական աշխատանքի գնահատականը պետք է հրապարակվի ամփոփումից անմիջապես հետո ուսանողի ներկայությամբ, դրանից էլ բխելու են գնահատման արդյունքների բողոքարկման դրույթները: Սկզբում հանձնաժողովի նախագահը հարցնում է բողոքարկումների մասին, որից հետո ուսանողն անմիջապես դիմում է ներկայացնում հանձնաժողովի նախագահին: Բողոքարկումն ընդունվում է, եթե առկա է հաստատված կարգի ընթացակարգային դրույթների խախտումներ: Այսինքն՝ բովանդակային առումով քննարկումներ չեն լինելու»,- փաստեց Հրանտ Ժամհարյանը:

 

 

Գիտխորհրդի նիստում քննարկվեց և հաստատվեց նաև 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների հարցը: Նշվեց, որ 55 կրթաթոշակներից միայն 9-ի դեպքում են փոփոխություններ եղել, որոնց համապատասխան փաստաթղթերն արդեն առկա են:

 

Իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադևոսյանը ներկայացրեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ու Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի կանոնադրությունները, որոնք ևս արժանացան գիտխորհրդի հաստատմանը:

 

Ընթացիկ հարցերում հաստատվեց նաև «ԵՊՀ կադրերի բաժին» և «ԵՊՀ իրավաբանական բաժին» կառուցվածքային ստորաբաժանումները լուծարելու և «ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչություն» կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու առաջարկը:

 

Նիստի ավարտին «Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումը և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա» խորագրով գիտական համազեկուցմամբ հանդես եկան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ Գոհար Իսկանդարյանը և նույն ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Այլ նորություններ
«ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՉԻ ԿԱԶՄՎՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՊՀ ՈՒՐԻՇ ՌԵԿՏՈՐԻ ՀԵՏ ՆՇԵԼ ԱՅԴ ՏՈՆԸ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ԳԻՏԽՈՐՀՐԴԻՆ ՊԱՏՄԵԼ Է ԻՐ ՀԱՆԴԵՊ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արամ Սիմոնյանն այսօր հրավիրել է ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ԵՊՀ ռեկտորը հայտարարել է գործադրվող ճնշումների մասին:
«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՏԱՆԸ». ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին: