09.12.2015 | 
Մշակույթ
«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՂՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ…»
«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՂՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ…»
ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբը շարունակում է ֆիլմերի ցուցադրությունը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայոց ցեղասպանությանը:

Այսօր Մշակույթի կենտրոնի դահլիճում մեծամասնություն էին կազմում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները, ինչը պատահական չէր: Նրանք եկել էին դիտելու և քննարկելու Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռեժիսոր Խաչատուր Մարգարյանի «Սրնգափողի մենանվագ» և «Նախիջևան՝ կորուսյա՞լ աշխարհ» ֆիլմերը:

 

Ֆիլմերից առաջինը 18 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլմ է, որում վիրավոր ազատամարտիկի ներանձնական զգացողություններով ֆիլտրված խորհրդածություններն իրենց մեջ ամփոփում են նվիրվածություն ու հպարտություն հայրենիքի ու ազգի հանդեպ: Անցյալի պատերազմական հիշողություններ, անձնական դրամա, բաժանում սիրած աղջկանից. այս ամենն ամփոփված են ֆիլմում, որը նկարահանվել է 2005 թ.-ին:

 

«Սրնգափողի մենանվագ» ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի, իսկ «Նախիջևան՝ կորուսյա՞լ հայրենիք» ֆիլմը՝ «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայի աջակցությամբ: «Նախիջևան՝ կորուսյա՞լ աշխարհ» ֆիլմն էլ հարուստ փաստագրական նյութի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմ է, որի նկարահանման ընթացքում որպես խորհրդատու աշխատել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին դեկան Էդիկ Զոհրաբյանը: Նրա գիտական ուսումնասիրությունների մեջ բավականին մեծ տեղ էր զբաղեցնում Նախիջևանի հիմնախնդիրը:

 

«Խաչատուր Մարգարյանն այն մարդկանցից է, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմին, այնուհետև բանակաշինությանը, պետականության ստեղծմանը: Եվ իր մասնագիտական հմտությունները բնականաբար ներդրել է ռազմահայրենասիրական դաստիարակության գործում»,- դիտումից առաջ նշեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Ֆիլմերի հեղինակն էլ իր հերթին կարևորեց այն հանգամանքը, որ կինոդիտմանը մասնակցում էին ապագա դիվանագետներն ու քաղաքագետները. «Ճիշտ է, այսօր շատ ենք տեսնում, որ կոնֆլիկտները լուծվում են զենքով, բայց դա ամենավերջին տարբերակն է: Եթե դիվանագիտությունը ճիշտ աշխատի, գործը դրան չի հասնի»:

 

Պարոն Մարգարյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանի այսօրվա կոնֆլիկտներից շատերի հանգուցալուծումը տանում է դեպի Նախիջևանի հիմնահարց:

 

«Արդի քաղաքական աշխարհում երբեք չի շեշտվում Նախիջևանի խնդիրը, այլ ընդհակառակը՝ ավելի հետ է մղվել քաղաքական կուլիսներից, փորձ է արվում մոռացության տալ այն, ինչ կարող է լուծման բանալի հանդիսանալ: Հիմա ժամանակն է խոսել, քննարկել, բարձրաձայնել, որպեսզի մեր իրավունքները «չպաշտպանվեն» ի վնաս մեզ: Մի տեսակ թմբիր է իջել մեր հասարակության վրա, որը շատ վտանգավոր է մեզ համար: Նախիջևանի հարցը երբեք չպետք է մոռացվի, այն չի կարող դառնալ կորուսյալ»,- նշում է ռեժիսորը:

 

Նշենք, որ կինոդիտմանը ներկա էին նաև «Նախիջևան» միության փոխնախագահ Վանուշ Դավթյանը, «Ազատագրում» ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Մարկոս Մելքոնյանը, բանաստեղծ Արթուր Կարենցը և ուրիշներ:

 

«Վաղը միջազգային ասպարեզում Հայաստանի շահերը դուք եք պաշտպանելու, և պետք է անեք այնպես, որ գործը պատերազմին չհասնի: Պատերազմում մեղր չեն բաժանում»,- դիմելով ուսանողներին՝ նշեց Մարկոս Մելքոնյանն ու մտովի տեղափոխվեց 1990–ականներ, երբ Արցախում կենաց-մահու կռիվ էր մղվում: Հիշեց նաև այն համալսարանականներին, ովքեր ամենատարբեր միջոցներով օգնել են իրենց: Դրանցից մեկն էլ Վաչագան Գալստյանն է, ով այսօր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետն է:

 

Միջոցառման ընթացքում նախատեսված էին նաև պարգևատրումներ: Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար  «Ազատագրում» ՀԿ-ի պատվոգրով պարգևատրվեցին Վաչագան Գալստյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Միջազգային հարաբերություններկ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, իսկ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն արժանացավ շնորհակալագրի:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՆՄՈՒՇՆԵՐՈՎ
ԵՊՀ պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում գործող բուհական ամենամեծ և իր ցուցանմուշներով ամենահարուստ թանգարանն է: Համալսարանի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ թանգարանը համալրվել է համալսարանին վերաբերող բազմաթիվ նյութերով (լուսանկարներ, անձնական իրեր, արժեքավոր փաստաթղթեր, ԵՊՀ դասախոսների հուշեր, կերպարվեստի գործեր, ԵՊՀ երախտավորների դիմանկարներ, ընծայագրերով գրքեր): Այդ մասին ysu.am-ին տեղեկացրեց ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը:
«ՆՐԱՆՔ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆ». ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՑՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսուա Վիոն պոետի մասին շատերը գիտեն։ Իր անբարո վարքի համար նա 1463 թվականին վտարվել է Փարիզից, ինչից հետո ուշ միջնադարի ամենամեծ բանաստեղծի մասին ոչ մի հստակ տեղեկություն չի եղել։ Հայտնի է միայն, որ Վիոնը մահացել է 1491 թվականից ոչ ուշ, երբ տպագրվեց նրա ստեղծագործությունների առաջին հատորը: