20.12.2016 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՆՈՐ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՆՈՐ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Այսօր կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս տարվա վերջին, ամփոփիչ նիստը:

Մինչև նիստի օրակարգին անցնելը տեղի ունեցավ ԵՊՀ այն ուսանողների պարգևատրման արարողությունը, ովքեր թիմով նվաճել էին «ACM-ICPC» ամենահեղինակավոր օլիմպիադայի եզրափակչի ուղեգիր: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3 ուսանողներ ստացան դրամական պարգևներ և պարգևատրվեցին ԵՊՀ ոսկե մեդալով: Նույն մեդալին արժանացավ նաև թիմի մարզիչ, ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը:

 

 

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքին, որը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

«Շատ լավ է, երբ ունես ծրագիր, որով շարժվում ես առաջ, այսինքն՝ զարգացումը տարերային չէ: Իհարկե կան բաներ, որոնք չի հաջողվել ավարտին հասցնել, բայց բավականին շատ բաներ արվել են հավուր պատշաճի: Ես համոզված եմ, որ ԵՊՀ-ն իր զարգացման ուղուց չի շեղվի, և զարգացումը շարունակական կլինի»,- նշեց պարոն Սիմոնյանն ու հավելեց, որ հաշվետվությունը մանրամասն կներկայացնի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում: 

 

Այնուհետև Արամ Սիմոնյանն ամփոփեց ԵՊՀ-ում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ծրագրի՝ 2015-2016 ուստարվա համալիր միջոցառումների կատարման արդյունքները:  

 

«Տարվա ընթացքում կազմակերպվել են հակակոռուպցիոն մի շարք միջոցառումներ, որոնք բխում են մեր ռազմավարական ծրագրից: Մի շարք միջոցառումներ կազմակերպվել են ԿԳՆ-ի, Եվրոպայի խորհրդի հետ, որոնք ինչ-որ չափով նպաստել են մեր հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կանխարգելիչ գործունեությանը: Որոշակի քայլեր ենք արել էթիկայի կանոնագիրք ստեղծելու ուղղությամբ: Բարելավվել է նաև մեր համալսարանում մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների իրականացումը. այստեղ ևս հակակոռուպցիոն տարրը ուժեղացել է»,- նշեց պարոն Սիմոնյանը:

 

ԵՊՀ-ն ամփոփում է նաև ֆինանսական տարին: Գիտխորհրդի անդամներին ներկայացվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2016 թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի (Բյուջե) կատարողականը և 2017 թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

 

Նշենք, որ այս հաղորդումները գիտխորհուրդն ընդունեց ի գիտություն, իսկ դեկտեմբերի 23-ին դրանք կներկայացվեն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարեվերջյան հաշվետվությունն էլ ներկայացրեց տնօրեն Սամվել Առաքելյանը: Նրա խոսքերով՝ Տավուշի մարզում տարեցտարի աճում է վստահությունը համալսարանի նկատմամբ: Դա է վկայում նաև դիմորդների աճող հոսքը: Այժմ մասնաճյուղում սովորում է 1718 ուսանող: Այս տարի այն ունեցել է 350 շրջանավարտ և 385 առաջին կուրսեցի:

 

«Այժմ կրթությունն իրականացնում ենք 15 կրթական ծրագրերով, որոնք, սակայն, 2017-ին ենթակա են վերանայման՝ կախված աշխատաշուկայի պահանջներից: Օրինակ՝ այս տարի ներդրեցինք «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունը, և գրանցվեց դիմորդների աննախադեպ հոսք: Գործը հասավ նույնիսկ նրան, որ նախարարությունից հավելյալ տեղեր խնդրեցինք»,- ասում է Սամվել Առաքելյանը:

 

 

Այնուհետև գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեց ԵՊՀ բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորում շնորհելու կանոնակարգը:

 

«Մասնագիտությունների ցանկը, որոնցով մենք շնորհելու ենք մանկավարժի որակավորում, ամեն տարի համաձայնեցնելու ենք ԿԳ նախարարության հետ: Այս տարվա ընդունվածներից սկսած մինչև մյուս տարվա ապրիլի 1-ը կամավորության սկզբունքով ուսանողները գրանցվում են մանկավարժի ցիկլը անցնելու համար: Նրանց համար 3-8-րդ կիսամյակներում կազմակերպվում է այդ ցիկլը: Ուսանողները հավաքում են համապատասխան կրեդիտներ, և արդյունքում նրանք, ավարտելով ստանում են 2 որակավորում. մեկը՝ իրենց ընտրած հիմնական մասնագիտությունը, մյուսը՝ մանկավարժությունը»,- հստակեցրեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Օրակարգային հարցերից մեկն էլ ԵՊՀ-ում ֆարմացիայի ինստիտուտ ստեղծելու հարցն էր: Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետն առաջարկում է դեղագիտության բաժնի գործունեությունն ապահովող երեք ամբիոններն առանձնացնել և դրանց հիմքի վրա ստեղծել ֆարմացիայի ինստիտուտ, ֆակուլտետն էլ վերանվանել Քիմիայի ֆակուլտետ, ինչպես նախկինում էր: Գիտխորհուրդը միջնորդություն կներկայացնի հոգաբարձուների խորհրդին հարցին դրական որոշում տալու վերաբերյալ: 

 

Նիստի ընթացքում քննարկվեց նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկու ամբիոնների անվանափոխության հարցը: Այսուհետև ֆակուլտետում կգործեն Նոր մեդիայի և հաղորդակցության ու Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոններ:

 

Դեռևս այս տարվա հունիսին ԵՊՀ գիտխորհուրդը որոշում էր կայացրել ստեղծել Սահմանադրական տնտեսագիտության կենտրոն, իսկ այսօր ներկայացվեց և հաստատվեց դրա կանոնադրությունը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ ԹՅԱՆՋԻՆԻ ՆՈՐՄԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան այսօր առցանց ստորագրել են երկու համալսարանների միջև փոխգործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու և զարգացնելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև իրականացնելու ակադեմիական փոխանակման ծրագրեր։
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար: