07.07.2017 | 
Գիտություն
ԿԱՅԱՑԱՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
ԿԱՅԱՑԱՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Հունիսի 27-ից հուլիսի 4-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կազմակերպել էր «Մաթեմատիկա և կիրառություններ» թեմայով չորրորդ ամառային դպրոցը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Զավեն և Սոնյա Ակյանի անվան գիտության և ինժեներիայի քոլեջի հետ համագործակցության շրջանակում կազմակերպվածդպրոցին մասնակցում էին ավագ դպրոցների 11-րդ ու 12-րդ դասարանների աշակերտները և բուհերի բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողները:

 

Կրթական միջոցառման ընթացքում դասախոսություններ կարդացին Վահագն Ասլանյանը (Օքսֆորդի համալսարան, Մեծ Բրիտանիա, թեման՝ «Մոդելների տեսություն և հանրահաշվական երկրաչափություն»), Կարեն Քեռյանը (ԵՊՀ և ՀԱՀ, Հայաստան, թեման՝ «Բազմանդամային մեթոդի կիրառություններ»), Արմենակ Պետրոսյանը (Վանդերբիլթի համալսարան, ԱՄՆ, թեման՝ «Սեղմ նմուշառություն»), Միքայել Պողոսյանը (ԵՊՀ և ՀԱՀ, Հայաստան, թեման՝ «Մոնտե Կառլոյի մեթոդը»), Սերգեյ Տաբաչնիկովը (Փենսիլվանիայի պետական համալսարան, ԱՄՆ, թեման՝ «Մաթեմատիկական բիլիարդներ») և Կարեն Երիցյանը (Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ, Շվեդիա, թեման՝ «Մեքենայական ուսուցում)»:

 

Դպրոցի ընթացքում սեմինարներ անցկացրին Ալբերտ Գևորգյանը (ԵՊՀ, Հայաստան, թեման՝ «Ոչ Էվկլիդյան երկրաչափություն»), Արամ Գրիգորյանը (Դյուքի համալսարան, ԱՄՆ, թեման՝ «Հանրային ընտրության խնդիրը և Էրրոույի անհնարինության թեորեմը»), Հրայր Ազիզբեկյանը (ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտ և ԵՊՀ, Հայաստան, թեմաներ՝ «Պատկերի տեղաշարժի որոշման խնդիրը», «Կիրառական մաթեմատիկան գիտության տեսանկյունից») և Անուշ Մկոյանը (ԵՊԲՀ, Հայաստան, թեման՝ «Լինե՞լ, թե՞ չլինել բուսակեր (բուսակերության լավ ու վատ կողմերը»)):

 

Դասախոսությունների և սեմինարների թեմաներն ընտրվել էին այնպես, որ մասնակիցները ձեռք բերեն կիրառական ու նոր գիտելիքներ:

 

Դպրոցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում «Fountain Medical Development» (FMD K&L) ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարության հետ: Հանդիպման շրջանակում ներկայացվեց, թե ինչով է զբաղվում ընկերությունը, ինչ գիտելիքներ են անհրաժեշտ ընկերությունում աշխատանք գտնելու համար: Նշենք, որ ընկերությունն աճի միտում ունի, և ամառային դպրոցի մասնակիցների հետ հանդիպումը պատահական չէր. մասնակիցների համար ընկերության հայաստանյան գրասենյակում անցկացվեց բաց դռների օր: Ոմանք կմասնակցեն նաև ընկերությունում անցկացվող դասընթացներին, որից հետո լավագույնները կանցնեն աշխատանքի:

 

Ինչպես նախորդ դպրոցների ընթացքում, այս տարի ևս մասնակիցների միջև անցկացվեց մաթեմատիկական մրցույթ, որին նրանք պատրաստվում և մասնակցում են մեծ ոգևորությամբ: Ձևավորված 5 հոգանոց թիմերին առաջադրվեցին մի շարք  խնդիրներ: Հաղթող թիմի անդամներն արժանացան մրցանակների:

 

Մասնակիցներից կազմված թիմերը պայքարեցին նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի շրջանակում: Այս դեպքում ևս հաղթող թիմի անդամներն ունեին մրցանակներ:

 

Ամառային դպրոցի շրջանակում կայացան ազգագրական պարերի դասեր, մասնակիցները սովորեցին պարել «Էջմիածին», «Թամզարա», «Կարնո քոչարի»: Անցկացվեց նաև ավանդական դարձած մշակութային երեկոն, որն ավարտվեց խարույկով:

 

Հ.Գ.: Ամառային դպրոցի հովանավորներն են «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Տոր» և «Byur Solutions» ՍՊԸ-ները: Բոլոր ամառային դպրոցների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել mathschool.ysu.am կայքում:

Այլ նորություններ
ՈՒԺԵՐԸ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) անց են կացնում դատախաղ-մրցույթ ՀՀ և Արցախի բուհերի ուսանողների համար:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երկարամյա պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը միջազգային գիտական հանրության կողմից բարձր գնահատականի է արժանացել: