27.12.2016 | 
Հասարակություն
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆ Է
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆ Է
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Ուսանողի մշակութային ինքնորոշումը և արժեքները» խորագրով սեմինար:

Սեմինարը վարում էին Ֆրանսիայի Ավինյոնի համալսարանի դասախոսներ Լուի Բասկոն և Ֆաբիեն Կոտեն: Հետազոտություն իրականացնելու նպատակով նրանք այս օրերին գտնվում են Հայաստանում:

 

Քննարկման առանցքում էին ուսանողի, ուսանողական կյանքի առանձնահատկությունները, դժվարություններն ու հաճախ հանդիպող խնդիրները: Բանախոսները ողջունեցին ապագա հոգեբաններին և նշեցին, որ տարածաշրջանի ու եվրոպական մի շարք երկրներում նրանք արդեն մի քանի ամիս է, ինչ ուսումնասիրում են ուսանողի մշակութային ինքնորոշումն ու արժեքները:

 

Լուի Բասկոն մասնագիտորեն վերլուծեց այն խնդիրները, որոնք պարբերաբար առաջանում են աշխատանք գտնելու հարցում: Ըստ նրա՝ ուսանողների համար պետք է հստակ լինեն իրենց սպասելիքները. «Կան համալսարանական կյանքի ներքին կանոններ, որոնք կարող են տանել ձախողման: Ուրվագծելով սպասելիքները՝ մենք կկարողանանք գործել և սովորել դրանց համապատասխան»:

 

Պարոն Բասկոն տեղեկացրեց, որ ֆրանսիական համալսարաններում կան կենտրոններ, որոնք զբաղվում են ուսանողական խնդիրներով: Նրա խոսքերով՝ այն երկրներում, որտեղ ուսումնասիրություններ են իրականացվել, բովանդակային դասընթացների խնդիր կա, ինչի պատճառով ուսանողները շատ հաճախ ստիպված են լինում լրացուցիչ կրթություն ստանալ: Լուի Բասկոն հավելեց նաև, որ նման կենտրոնների առկայությունը կբացառի լրացուցիչ կրթություն ստանալու անհրաժեշտությունը, և ուսանողները կբավարարվեն իրենց հիմնական կրթությամբ:

 

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև հոսքային և խմբակային դասավանդումների առանձնահատկությունները: Կարևորվեց թիմային աշխատանքը: Հետազոտող Բասկոն գտնում է, որ ուսանողի անձը կառուցվում է անձնական «ես»-ի և ուսանողի «ես»-ի միջոցով: Բանախոսները մանրամասն ներկայացրին երկու «ես»-երին խանգարող, ինչպես նաև նպաստող գործոնները:

 

Սեմինարի ավարտին մասնակիցները կատարեցին գործնական առաջադրանք: Այն կշարունակվի նաև վաղը: Կարծարծվեն հարցեր, որոնք հիմնականում կապված կլինեն միջանձնային հարաբերությունների և աշխատանքային փորձի հետ:

Այլ նորություններ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Համառուսական ուսանողական սոցիալական նախաձեռնությունների մրցույթի հաղթողների և ծրագրի համակարգողների պատվիրակությունը Հայաստանում կազմակերպված փորձի փոխանակման այցի շրջանակներում քննարկեցին ԵՊՀ-ի հետ համագործակցության հեռանկարները:
ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստում նշվեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանի 70-ամյակը: