Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզի Այնթապ գյուղի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի, ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի, ինչպես նաև «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի աշակերտները:
Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն էին ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնը:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը միջոցառման բացման ելույթում նշեց, որ այս տարի Հայաստանի համար եզակի տարի է, քանի որ հոկտեմբերին անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) գագաթնաժողովը:
«Մենք յուրաքանչյուր տարի Մայր բուհում տոնում են Ֆրանկոֆոնիայի օրերը, սակայն այս տարի այն առավել մեծ շուքով ենք տոնում: Նմանատիպ հանդիպումներն էլ ավելի են ամրապնդում համալսարանի և հանրապետության դպրոցների միջև եղած կապերը: Այս հանդիպումը յուրօրինակ բաց դաս է թե՛աշակերտների, թե՛ Մայր բուհի ուսանողների համար: Այսօրվա միջոցառումը մշակույթների հաղորդակցության փայլուն օրինակ է»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ նմանատիպ հանդիպումները նպաստում են նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, քանի որ ԵՊՀ-ում նրանք ծանոթանում են թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների հետ:
Նշենք, որ հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) գագաթնաժողովը, որին մասնակցելու են ՖՄԿ-ի ﬕ քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 անդամ երկիր)։
Նադեժդա Տեր-Աբրահայան