20.09.2017 | 
Մշակույթ
ԵՐԴՎԵՑԻՆ, ՈՐ ԲԱՐՁՐ ԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄԸ
ԵՐԴՎԵՑԻՆ, ՈՐ ԲԱՐՁՐ ԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄԸ
Սեպտեմբերի 19-ին Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:

Հայոց անկախ պետականության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն է եղել՝ մեր դարավոր երազանքի մարմնացումն ու մեր աղոթքի արձագանքը: Մարտունակ բանակի ստեղծումը ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման հարցի մեր միակ երաշխիքն էր, և պատահական չէ, որ առաջին կուրսեցիների հանդիսավոր մուտքը դեպի Մայր բուհ նվիրված էր հենց մեր բանակին:

 

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես հանդիսավոր արարողությունը կազմակերպել և օրը տոնական ու հիշարժան էին դարձրել ԵՊՀ ռեկտորատը, մշակույթի կենտրոնը և ուսանողական կառույցները:

 

Միջոցառման սկզբում ՀՀ և ԵՊՀ դրոշները բարձրացնելու համար բեմ հրավիրվեցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Ռաֆայել Հովհաննիսյանը,  Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ-ի կողմից Արցախի Հանրապետությունում կազմակերպված «Ուսանողական ռազմական բանակում-2017»-ի հաղթող Գևորգ Արշակյանը, Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած միջազգային քրեական իրավունքի դատախաղի կիսաեզրափակիչ փուլին մասնակցած ԵՊՀ թիմի անդամ Հարություն Հովհաննիսյանը ու Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող, ԱՄՆ-ում կայացած «ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր մրցույթի Հարավային Կովկասի հաղթող և եզրափակչի մասնակից ԵՊՀ թիմի անդամ Ալբերտ Սահակյանը:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով և շնորհավորելով Մայր բուհի նորեկներին, ասաց, որ երեկոն ավելի ջերմ է, քանզի այն նվիրված է Հայոց բանակին. «Մենք հպարտ ենք, որ ունենք ուժեղ բանակ ու առավել հպարտ և ուրախ ենք, որ ԵՊՀ ուսանողները հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարում են անմնացորդ, բարձր պատասխանատվությամբ: Տարիների ու ամիսների ընթացքում ԵՊՀ ուսանողները ապացուցել են, որ նրանք, հիրավի, մեր ժողովրդի ու երկրի պաշտպաններն են: Սիրելի՛ համալսարանականներ, առաջին կուրսեցու մուտքը համալսարան միշտ էլ հուզիչ է, առանձնահատուկ ոչ միայն իրենց, այլև բոլորիս համար: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, համոզված եմ, որ բարձր կպահեք Մայր բուհի պատիվը, չեք մոռանա ձեր Մայր օջախը»:

 

 

Առաջին կուրսեցիների հանդիսավոր մուտքը շնորհավորեց նաև ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը, ով առաջին կուրսեցիներին հագեցած և հետաքրքիր ուսանողական տարիներ մաղթեց. «Գիտելիքի ստացման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների եք հանդիպելու, սակայն միայն դրանք հաղթահարելով՝ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, լա՛վ սովորեք, դարձե՛ք լավ մասնագետներ և արժանի քաղաքացիներ՝ դրանով ապահովելով մեր երկրի զարգացումն ու հզորացումը»:

 

Այս տարի երդման տեքստը կարդալու պատասխանատվությունն ու պատիվն ընձեռված էր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Վարդուհի Տոնոյանին և Պատմության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Տիգրան Բարսեղյանին:

 

 

Համերգի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նվագախումբն ու երգչախումբը: Առաջին կուրսեցիներին շնորհավորելու էին եկել նաև հայտնի ու սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը և «Էմփիրեյ» ռոք խումբը: Շնորհավորելու էր եկել նաև ԱՄՆ-ից ժամանած ԵՊՀ շրջանավարտ Թագուհի Արզումանյանը, ով ներկայացրեց հատված Գևորգ Էմինի «Մենք ենք» ստեղծագործությունից:

 

 

Միջոցառման ընթացքում յուրօրինակ համարով հանդես եկան նաև ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի անդամները, ովքեր ԵՊՀ տանիքից իջեցրին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ԵՊՀ դրոշները:

 

Միջոցառման ավարտին հանդիսավարները շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ռեկտորատին՝ հանձին ռեկտոր Արամ Սիմոնյանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգյսանի անվան ռազմական համալսարանին՝ հանձին ղեկավար գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին, միջոցառման գաղափարի հեղինակ և ռեժիսոր, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանին և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ միջոցառման իրականացմանը աջակցություն ցուցաբերելու համար: 

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ
Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Հին հայկական տարազը» թեմայով զրույց-դասախոսություն:
ՀՆՉԵՑԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՍԻՐՎԱԾ ԵՐԳԵՐԸ
Նոյեմբերի 28-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Ճանաչված ֆիլմերի սիրված երգեր» խորագրով ռետրո համերգը: