27.06.2015 | 
Հասարակություն
«ԴԱՐԻՑ ԴԱՐԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ
«ԴԱՐԻՑ ԴԱՐԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ
Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող առաջին կտավներից մեկը ռեստավրացվել է և այսօր ցուցադրվեց Հայաստանի ազգային պատկերասրահում:

Հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի (Հովակիմ Հովհաննիսյան)՝ 1914-1915 թթ. ստեղծած «Դարից դար» կտավը Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցը վերամշակման և ցուցադրության համար այս տարվա սկզբին հանձնել էր Հայաստանի ազգային պատկերասրահին: Ծրագիրն իրականացվում էր Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:

 

«Այս կտավի կարևորությունն այն է, որ ստեղծվել է հենց Ցեղասպանության իրականացման ընթացքում: Ավանեսովն առաջին անգամ իր նկարը ներկայացրել է Ռուսաստանում 1915 թ-ին, որպեսզի այդ ձևով բարձրացնի Հայոց ցեղասպանության խնդիրը: Նա փորձում էր իր արվեստի միջոցով կասեցնել այդ ամենը»,- ասում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

 

Ուղիղ 100 տարվա պատմություն ունեցող կտավը 1972 թ-ին հեղինակի հարազատները հանձնել են Ռոստովի երկրագիտական թանգարանին, սակայն այն մոռացության էր մատնվել: Միայն երկու տարի առաջ հայկական համայնքի ջանքերով սկսվեց փաստաթղթային գործընթացը` այն Հայաստան բերելու և վերականգնելու համար:

 

«Այս կտավը վերականգնելու համար բավականին երկար ժամանակ չէինք կարողանում միջոցներ հայթայթել: Եվ բարեբախտաբար Հայաստանի ազգային պատկերասրահը մեզ օգնության հասավ ու խոստացավ վերականգնել նկարը՝ պահպանելով պատմականությունը: Ֆինանսական հարցերում էլ շատ օգնեց Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքը»,- ուրախությամբ փաստեց Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:

 

Պատկերասրահի ռեստավրատորներից պահանջվեց շուրջ 5 ամիս` կտավը վերականգնելու համար: Այս ցուցադրությունից հետո կտավը կվերադարձվի Դոնի Ռոստով և մշտական ցուցադրության կդրվի Հայ-ռուսական բարեկամության թանգարանում:

 

Ակիմ Ավանեսովը (1883-1966 թթ.) եղել է Դոնի Ռոստովի նկարիչների միության առաջին նախագահը և Հովհաննես Այվազովսկու մտերիմ ընկերներից մեկը: Նա ծնվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նոր Նախիջևանում, հաճախել տեղի հայկական հոգևոր վարժարանը:

Այլ նորություններ
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է  ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՏ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ
Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք, թե ՀՀ կառավարության անդամներից քանի տոկոսն են կրթությունը ստացել ԵՊՀ-ում և որ ֆակուլտետներում: