10.10.2019 | 
Հասարակություն
ՀՆԴԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՆԴԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Կիշան դան Դեվալին, որի հետ քննարկել է համագործակցության ոլորտները և ուղիները:

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

Գեղամ Գևորգյանը դեսպանին ներկայացրեց բուհի կառուցվածքը, գործունեության ոլորտները և իրականացվող աշխատանքները՝ փաստելով, որ այն ամենամեծ և ամենահին համալսարանն է Հայաստանում:

 

Պարոն Կիշան դան Դեվալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր պատրաստակամությունը հայտնեց նպաստելու ԵՊՀ-ի արդյունավետ համագործակցությանը Հնդկաստանի համապատասխան կառույցների, ինչպես նաև դեսպանատան հետ:

 

Արթուր Իսրայելյանը փաստեց, որ Արևելագիտության ֆակուլտետում ուսուցանվել է հնդկերենը՝ որպես երկրորդ և երրորդ օտար լեզու: Ալեքսանդր Մարգարովն էլ հիշեցրեց, որ դեռևս մի քանի տարի առաջ Արևելագիտության ֆակուլտետում գործել է հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոն, որտեղ դասավանդում էր հնդիկ մասնագետ, սակայն հետագայում առաջ եկած կազմակերպչական խնդիրների պատճառով դրա գործունեությունը դադարեցվել է:

 

Պարոն Կիշան դան Դեվալը փաստեց, որ դեսպանատունը ցանկանում է վերականգնել այդ կենտրոնը, և Գեղամ Գևորգյանին փոխանցեց փոխըմբռնման հուշագրի նախնական տարբերակ՝ ծանոթանալու և հետագայում այն վավերացնելու համար:

 

Դեսպանը հետագա փոխհամագործակցության համար առաջարկեց քննարկել և հասկանալ, թե ինչ ոլորտներ կարող է այն ընդգրկել, և դրա իրականացման համար անհրաժեշտ քայլեր իրականացնել:

 

 

Ալեքսանդր Մարգարովը դեսպանին տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում գործում է Ֆարմացիայի ինստիտուտը, որտեղ ստեղծված են միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտակրթական գործունեություն ծավալելու իրական հնարավորություններ. «Ինստիտուտն առաջարկում է որակյալ կրթություն համեմատաբար ավելի ձեռնտու վարձավճարի դիմաց»:

 

«Բացի դրանից՝ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում կազմակերպվում է ՌԴ Բելգորոդի պետական հետազոտական և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանների դեղագործական ֆակուլտետների հետ հաստատված համատեղ կրթական ծրագրերով ուսուցում, որի արդյունքում շրջանավարտներին շնորհվում է դեղագետի որակավորմամբ երկակի (երկու համալսարանների) դիպլոմներ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը և հույս հայտնեց, որ դեսպանության միջոցով ինստիտուտի մասին կտեղեկացվի Հնդկաստանի հանրությանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև ԵՊՀ-ի և Հնդկաստանի բուհերի միջև առկա համագործակցությունն ամրապնդելու և նոր համալսարանների հետ պայմանագրեր ու համաձայնագրեր կնքելու վերաբերյալ հարցեր:

 

Գեղամ Գևորգյանը դեսպանին տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում գործում է Հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, որի գործունեությունն ամրապնդում է հայ-հնդկական երկկողմ համագործակցությունը տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում: Նա առաջարկեց այդ ուղղությամբ ևս խորացնել համագործակցությունը:

 

Պարոն Կիշան դան Դեվալը ցանկություն հայտնեց դասախոսությամբ հանդես գալու համալսարանի ուսանողների համար, ինչին ի պատասխան՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ անպայման կտրվի նման հնարավորություն:

 

Հանդիպման ավարտին Գեղամ Գևորգյանը և պարոն Կիշան դան Դեվալը միմյանց գրքեր նվիրեցին, որից հետո Արթուր Իսրայելյանը և Ալեքսանդր Մարգարովը դեսպանին ուղեկցեցին Իսլամագիտության կենտրոն՝ ծանոթանալու դրա կառուցվածքին և այն՝ որպես օրինակ, դիտարկելու հետագայում հնդկական կենտրոն ստեղծելու համար:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: