30.05.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ԸՆՏՐՎԵԼ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ԸՆՏՐՎԵԼ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 2 հարցով:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 11 նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց, որոնցից երկրորդը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը:

 

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից առաջադրվեց երկու թեկնածու՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր, ԵՊՀ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:

 

Հոգաբարձուների խորհրդի անդամները հանդես եկան ելույթներով՝ արտահայտելով իրենց դիրքորոշումները: Ելույթով հանդես եկան նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուները:

 

Գեղամ Գևորգյանն իր ելույթում ասաց, որ ցավալի է, որ իր անունը վերջին շրջանում կապվել է քաղաքական իրադարձությունների, հեղափոխության կամ հակահեղափոխության հետ. «Ես տարիներ շարունակ աշխատել և ծառայել եմ գիտությանն ու կրթությանը: Ես չեմ ամաչում այն կադրերից, որ հիմա շրջանառվում են համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես եմ համալսարանում դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին: Ինձ համար ցավալի է, որ դրանց մասին դատողություն են անում այն մարդիկ, որոնք, այդ երկու դռների հետևում նստած, դողում էին և չգիտեին՝ ինչ անեին»:

 

Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս պահին անտրամաբանական է խոսել ծրագրային դրույթների մասին այն պարագայում, երբ երեք ամսվա ընթացքում լինելու են քննաշրջան և արձակուրդ, ապա համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ. «Թե ինչպիսի վարչական աշխատող եմ եղել ես, համալսարանականները գիտեն, ովքեր էլ չգիտեն, այս ընթացքում կարող էին հետաքրքրվել: Այս նույն ամբիոնից ես դեռ երկու տարի առաջ խոսել եմ համալսարանում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն անհետևանք մնաց: Երբ լինեն ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, ես հանդես կգամ ծրագրային ելույթով, որը կքննարկվի և կամ կհաստատվի, կամ չի հաստատվի»:

 

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ հեռանկարային ծրագրերի մասին խոսելը դեռ շատ վաղ է, իսկ կարճաժամկետ ծրագրերի մասին խոսելով՝ փաստեց, որ առաջին հերթին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է կայունություն ապահովի բուհում:

 

«Պետք է գործուն քայլեր ձեռնարկենք՝ առողջ մթնոլորտ ձևավորելու համար: Բացի դրանից՝ կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է բավարար պայմաններ ապահովի՝ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կազմակերպելու համար: Իհարկե, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իրավական տեսանկյունից անմիջական կազմակերպման պատասխանատվություն չի կարող կրել, բայց մթնոլորտի ընդհանուր տեսանկյունից դա կարևոր է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ հարցը չպետք է քաղաքականացվի, պետք է առաջնորդվել համալսարանի շահերով, պետք է լինի իրավիճակի վերահսկում:

 

Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն:

 

Գեղամ Գևորգյանը 1975-1980 թթ. սովորել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում: 1982 թ. պաշտպանել է «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1992 թ. պաշտպանել է «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ» թեմայով դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

 

Գեղամ Գևորգյանը 1980-1984 թթ. եղել է ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ, 1984-1992 թթ.՝ ԵՊՀ դոցենտ, իսկ 1992-1997 թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր: 1997-2004 թթ. եղել է ԵՊՀ մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչը, իսկ 2004-2008 թթ.՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: 2008-2019 թթ. եղել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը: 2010 թ.-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է:

 

Գեղամ Գևորգյանն աշխատել է նաև Հունգարիայի Էտվոշի համալսարանում, Մոսկվայի Սպեկլովի ինստիտուտում և Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է իրական անալիզը, հարմոնիկ անալիզը և օրթոգոնալ շարքերը:

 

Գեղամ Գևորգյանը ԵՊՀ 050 մասնագիտական խորհրդի նախագահ է, «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Մաթեմատիկա» ամսագրի խմբագրության անդամ, «Proceedings of YSU» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, ԳԱՏԱՀ խորհրդի անդամ և «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամի խորհրդի անդամ:

 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արժանացել է «Անանիա Շիրակացի» մեդալին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին:

 

 Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՍԹԵՐԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորատի նիստ՝ օրակարգային և ընթացիկ մի շարք հարցերով: